Բրիտանական մամուլում աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահի պահվածքը թագուհու հրաժեշտի արարողությանը
Բրիտանական մամուլում աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահի պահվածքը թագուհու հրաժեշտի արարողությանը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել այն բանի համար, որ Վեստմիստերյան սրահում Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2–րդ թագուհու վերջին հրաժեշտի արարողության ժամանակ լուսանկարվել է եւ իրեն ուղեկցողների հետ զրուցել, ինչը բրիտանական մամուլում դիտարկվել է որպես հարգանքի բացակայություն հանգուցյալ թագուհու նկատմամբ։
Daily Mail-ը գրում է, որ Վահագն Խաչատուրյանին, որին, ի դեպ բիտանական լրատվամիջոցը ներկայացնում է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակից, նկատել են հանգուցյալ միապետի դագաղի առջեւ խոնարհվելիս, մինչ նրա օգնականը (խոսքը Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի մասին է) հեռախոսով լուսանկարում էր նրան։
Ըստ պարբերականի, ականատեսները պատմել են, որ Հայաստանի առաջնորդը զրուցում էր իր ուղեկցորդների հետ VIP ճեմուղով թագուհու դագաղի ուղղությամբ քայլելիս։
«Նրա պահվածքը հակասում է 1000-ամյա պալատի խիստ կանոններին, որոնք արգելում են լուսանկարել կամ տեսանկարահանել, և կոչ են անում միայն հանգիստ, հարգալից վարքագիծ դրսևորել»,– գրում է պարբերականը:
The Sun-ին ականատեսներից մեկը պատմել է, որ սրահի հարյուրավոր այցելուներից միայն նա էր խոսում. «Ակնհայտ էր, որ նա պլանավորել էր լուսանկարվելը։ Նա եւ իր օգնականը հետ ընկան դագաղի կողքով անցնող խմբից…Նա գիտի կանոնները, ներս մտնելուց առաջ նրան պետք է որ ասած լինեին դրանց մասին»։
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Խաչատուրյանը կմիանա համաշխարհային լիդերներին՝ թագուհու՝ վաղը կայանալիք թաղման արարողությանը։