ՄամուլՏեսանյութ

Բլոկադայից 1 ամիս հետո իմացանք, որ հղի եմ․ շատ դժվար պայմաններում եմ տարել հղիությունս

Բլոկադայից 1 ամիս հետո իմացանք, որ հղի եմ․ շատ դժվար պայմաններում եմ տարել հղիությունս

Oragir․News-ը գրում է․ «Բլոկադան որ սկսվեց, 1 ամիս հետո իմացանք, որ հղի եմ, չգիտեի՝ ուրախանայի, թե.․․․ բայց ամուսինս ասաց՝ ինչ էլ լինի, երեխան պետք է ծնվի։ Հետո, որ իմացանք՝ աղջիկ է, շատ ուրախացանք, որովհետև մենք 2 տղա ունենք»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց Արցախից բռնի տեղահանված Մարի Քալաշյանը, ում 14-հոգանոց ընտանիքը ժամանակավոր բնակություն է հաստատել Գորիսի հյուրանոցներից մեկում։

«Շատ դժվար պայմաններում եմ տարել հղիությունս, մինչև հիմա էլ դժվարությունների եմ հանդիպում։ Ամուսինս զինվորական է, վերջին պատերազմներին մասնակցել է, մինչև վերջին օրը ինքը եղել է սահմանում, իրենք շրջափակման մեջ են եղել ու դժվարությամբ են կարողացել դուրս գալ։ Ստեփանակերտից միասին դուրս եկանք ու 28 ժամում հազիվ հասել ենք Գորիս, շատ դժվար ու երկար ճանապարհ էր, ահավոր էր, մտածում էինք՝ այդ ճանապարհը չի վերջանալու։

Երբ հասանք Գորիս, մի փոքր առողջական խնդիրներ եղան ինձ մոտ, բայց փառք Աստծո, բժիշկների շնորհիվ թե՛ ինձ մոտ, թե՛ փոքրիկիս մոտ հիմա ամեն ինչ կարգին է»,- ասաց արցախցի կինը։ Նրա խոսքով՝ թեև Գորիսի հյուրանոցներից մեկում իրենց տեղ են հատկացրել, բայց երկար պահել չեն կարող, հատկապես հաշվի առնելով նրանց քանակը՝ 14 անձ․

«Մեզ խնդրել են, որ բնակարան գտնենք ու դուրս գանք, որովհետև սա ժամանակավոր կացարան է, և իրենք ի վիճակի չեն մեզ երկար պահել։ Ու քանի որ նորածնի ենք սպասում, այստեղ իրոք հարմար չէ երեխա պահելու համար։

Մենք համացանցում տներ ենք փնտրում, գտնում ենք, բայց հենց իմանում են, որ մեզ հետ երեխաներ կան, միանգամից մերժում են։ Մինչ օրս մոտ 10 տուն եմ գտել, որ համաձայնել են վարձակալությամբ հանձնել, անգամ ասել եմ՝ պատրաստ եմ 2 ամսվա վարձը նախապես վճարել, բայց հենց իմանում են, որ 2 երեխա ունենք, մեկն էլ շուտով պետք է ծնվի, միանգամից մերժում են»։

Մարին ասաց, որ իրեն խոստացել են Վանաձորում բնակարան վարձով տալ, բայց քանի որ դեռևս կանխավճար չի փոխանցել, վախենում է հրաժարվեն՝ հաշվի առնելով նախկին փորձերը։ Ասում է՝ պատրաստ է մի քանի ամսվա վարձը միանգամից փոխանցել, միայն թե իր երեխաները չմնան բաց երկնքի տակ։

Հարցին՝ ի՞նչ եք պլանավորում առաջիկայում, արցախցի կինը պատասխանեց․ «Գտնել բնակարան, ապա աշխատանք, փորձենք հունի մեջ ընկնել և որոշ չափով կարողանանք ապրել»։

Արցախից բռնի տեղահանված այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 094560527։

Կիսվել