Բերման են ենթարկվել «Շերեփ» ռեստորանի տնօրենը, մենեջերները, պահեստապետն ու հյուրընկալը․ մանրամասներ
Բերման են ենթարկվել «Շերեփ» ռեստորանի տնօրենը, մենեջերները, պահեստապետն ու հյուրընկալը․ մանրամասներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից Երևանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուք լինելու միջադեպը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։15-ի սահմաններում պարեկները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել մի խումբ անձանց։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում առաջացած վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ։
Եթե պարեկները օպերատիվ չգործեին, չէր բացառվում, որ գործի կդնեին շերեփներ։ Իսկ որ շերեփի տվածը տված է, դա շատերը գիտեն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել՝ նշված ռեստորանի տնօրեն Երևանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երևանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, ով աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, ով աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, ով նշված ռեստոնարի հյուրընկալն է եղել, Երևանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, ով աշխատում է նշված ռեստորանում պահեստապետ, և Ոստիկանություն է հրավիրվել Երևանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։
Դեպքի փաստով Ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստվել են նյութեր և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։