Մամուլ

«Բերանբացության» համար «Պանդոկ Երևան»-ին կզրկեն պետական տենդերներից

«Բերանբացության» համար «Պանդոկ Երևան»-ին կզրկեն պետական տենդերներից:

Երեկ աղմուկ բարձրացավ Ռոբերտ Քոչարյանի աջակից, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի տարածած այն լուրի շուրջ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խաշի սեղանի համար ռեստորանում 290.000 դրամի հաշիվ է փակել։

Դրան հաջորդեց Արարատ Միրզոյանի պատասխանը և պարզվեց, որ իրականում դա եղել է վերջինի ծննդյան արարողությանը, նեղ շրջապատում և, որ, 800.000 դրամ աշխատավարձ ստացող ԱԺ նախագահը կարող էր իրեն նման ծախս թույլ տալ։ Ա. Միրզոյանը, չբացահայտելով ռեստորանի անունը, նշել էր, որ ճիշտ կլինի ռեստորանը ներողություն խնդրի նման տեղեկատվությունը հրապարակայնացնելու համար։

Այս գրառմանն անմիջապես հետևեց «Պանդոկ Երևան» ռեստորանի հրապարակային գրառումը, որով վերջինները ներողություն էին խնդրում միջադեպի համար և հայտնում, որ դա աշխատակցի անփութության հետևանք է։

Ասում են, որ այս միջադեպը լուրջ վրդովմունք է առաջացրել իշխող վերնախավի շրջանակներում։ Համաձայն շրջանառվող լուրերի` այս ընկերությունն իրականացնում է սննդի հետ առնչվող պետական խոշորագույն տենդերներից մի քանիսը։

Ասում են նաև, որ անհանգստանալով նշված միջադեպից, իշխանությունները քննարկում են այս ընկերությանը «Բերանբացության» համար պետական բոլոր տենդերներից զրկելու հարցը։

Աղբուր՝ mamul.am

Կիսվել