Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել ու հեռացել երկրից
Աֆղանստանի նախագահը հրաժարական է տվել ու հեռացել երկրից
Աֆղանստանի նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանին վայր է դրել լիազորությունները՝ հայտարարելով, որ Քաբուլում ռազմական գործողություններ չպետք է լինեն։
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աֆղանստանի նախագահը, ըստ լրատվամիջոցի, հեռացել է երկրից։ Ի դեպ, նա երկրի ղեկավարն էր 2014 թվականից։
Հիշեցնենք, որ առավոտյան Ջելալաբադի գրավումից հետո «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլում՝ նախագահական պալատում բանակցություններ էին վարում իշխանության խաղաղ փոխանցման մասին։
Հավելենք նաև, որ ամերիկացների՝ Աֆղանստանից զորքերի դուրս բերելու մասին հայտարարությունից հետո թալիբները մեկը մյուսի ետևից բազմաթիվ բնակավայրեր են գրավել։ Նրանց վերահսկողության տակ են անցել նաև սահմանային անցակետերը։
«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը: Al Arabiya հեռուստաալիքի վկայակոչած թալիբների հայտարարությունը վկայում է այն մասին, որ «երկրի մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա»: