Արցախցի Քրիստինե Բաղդասարյանին հրաժարվում են տալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ
Oragir.news-ը գրում է․ Անձնագրային բաժանմունքներում արցախցիների անվերջ հերթերը, բաժանմունքի որոշ աշխատակիցների անտարբեր վերաբերմունքն ու քաղաքացիների հարցերն անպատասխան թողնելն այնքան անտրամաբանական չեն, որքան Արցախում մի ամբողջ կյանք ապրելն ու բռնի տեղահանվելուց հետո ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից զրկվելը։
Քրիստինե Բաղդասարյանը ծնունդով Սիսիանից է։ Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղ է տեղափոխվել 2004 թվականին պապիկի մոտ։ Արցախում ուսում է ստացել և հետագայում ամուսնացել։ Հենց այյդ ժամանակ առաջին անգամ հաշվառվել է Արցախում և ստացել 070 կոդով անձնագիր։
Նախօրեին Քրիստինեն Հրազդանի անձնագրային բաժանմունք է դիմել՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի համար։ Քրիստինեին ասել են, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և չի կարող օգտվել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակից՝ պատճառաբանելով ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու հանգամանքը։
Բանն այն է, որ Քրիստինեի ծնողները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են և այս պահին բնակվում են այնտեղ։ Անձնագրային բաժանմունքում Քրիստինեին առաջարկել են փոխել անձնագիրը և ձեռք բերել ՀՀ քաղաքացիության անձնագիր՝ միաժամանակ համարվելով Արցախից բռնի տեղահանված։
«Եթե իմ անձնագիրը 070 կոդով է, փաստը դա է, ապա ես ինչո˚ւ պետք է փոխեմ իմ անձնագիրը։ Ես ինչպե˚ս եմ դառնում ՀՀ քաղաքացի, երբ երկու անձնագիր եմ փոխել, երկուսն էլ՝ Արցախի Հանրապետության, և իմ գրանցումը ժամանակավոր չի, ես հիմնական ու փաստացի հաշվառվել եմ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։
Ես անձնագրային բաժանմունքում ասացի, որ չեմ փոխելու իմ անձնագիրը։ Նաև ասացի՝ հիմա որ Սյունիքը տան թշնամուն, ես համարվելո՞ւ եմ ՀՀ քաղաքացի, ինձ արտոնություններ տալո˚ւ են»,-ասում է Քրիստինեն։