Արցախից վերջին դուրս եկողներից եմ․ վաղուց գիտեի, որ գալու է այս օրը
Վարդգես Օվյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արցախից վերջին դուրս եկողներից եմ։ Այդ օրերը մի բառով կարելի է անվանել մղձավանջ։
Թե ինչ տանջալից, անմարդկային օրեր էին, գուցե ոմանք մի օր գրեն, պատմեն այդ մասին, բայց ես ցանկություն չունեմ հիշելու դժոխային այդ տանջանքերը, հայրենի գյուղից մազապուրծ փախած ու Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում բաց երկնքի տակ օրեր լուսացնող մարդկանց դժոխային ապրումները, երբ ազ-երը չորս կողմից պաշարել էին Ստեփանակերտը, քաղաքի ծայրամասերում էին արդեն, անգամ նրանց տեսել էին Ղարաբաղ Տելեկոմի շենքի մոտ։
Արցախում ապրող, աշխատող շատ ու շատ հայաստանցիների ավտոմեքենաները մնացել էին Արցախում։ Նրանք զանգում էին իրենց ծանոթ ու անծանոթներին և աղաչում 10 լիտր բենզին գտնել և այդ ավտոմեքենաներով իրենց ընտանիքներով Արցախից դուրս գալդուրս բերելով նաև իրենց ավտոմեքենան։
Մի աղջիկ լացակումած ասում էր, որ նոր, թանկարժեք ավտոմեքենան Ստեփանակերտում է։ Ասում էր մի ավտովարորդ գտեք, թող ձեզ դուրս բերի Արցախից։ Գոնե մինչև Հայաստանի սահման հասցրեք, փոխարենը ձեզ մեծ գումար կտամ…
Իսկ Արցախում արդեն ավտովարորդ չէր մնացել, իրենց ավտոմեքենաներով ու ընտանիքներով արդեն դուրս էին եկել Ստեփանակերտից, ու այդ ավտոների շարասյունը կիլոմետրեր էր ձգվում…
Վերջին օրերին ամեն օր հանդիպում էի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, որին գիտեմ դեռև 1990-ականներից։ Իր աշխատասենյակում կամ դրսում երկար զրուցում էինք։ Դավիթը, Գագիկ Բաղունցը, Դավիթ Մելքումյանը, Գեղամ Ստեփանյանը Ացախի Աժ պատգամավորներից միայն իրենք էին մնացել ժողովրդի հետ։ Գագիկը ոտքի վրա հազիվ էր կանգնում։ Դրսում ժամերով զրուցում էր մարդկանց հետ, հույս տալիս, բացատրում, որ անպայման բոլորին դուրս են բերելու։ Նույն բանը բացատրում էր հարյուրավոր մարդկանց։
Հեռախոսային կապը Հայաստանի հետ հիմնականում խափանված էր, մարդիկ անհանգստանում էին հատկսպես իրենց երեխաների պատճառով…
Հետո երբ կադրերում տեսա ազ-երի կողմից առևանգված, Բաքու տարված Դավիթ Իշխանյանին, սարսափելի ցավ զգացի։ Ցավում էի նաև Բաքու տարված նրանց համար, որոնց պատճառով էր նաև կորսվել Արցախը, որովհետև նրանց բանտարկել են, ոչ թե կատարած անօրինությունների համար, այլ որովհետև հայ են, արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Բայց նրանց ոչ թե հանցագործ, եղերագործ ազ-երը, ոչ թե ոխերիմ թշնամին, այլ հայերը պիտի դատեն։
Իսկ Դավիթ Իշխանյանի համար խորապես ցավում եմ, որովհետև նա իր ազնվությամբ, բարոյականությամբ, մարդկայնությամբ տարբերվում է մյուսներից։
Ու ամենամեծ ցավն ինձ համար այն է, որ շատ վաղուց գիտեի, որ գալու է այս օրը, պարբերաբար գրում էի, իմ հնարավորություններով պայքարում ներքին տականքի դեմ, բայց պարտվեցի։ Անկուշտ, սոված, ընչաքաղց տականքը կործանեց և’ մեզ, և’ իրենց, և’ մեր երկիրը։