Մամուլ

Արտառոց դեպք Իջևանում. կինը հայտնել է, որ ներքնակի միջից գողացել են 1 մլն դրամ. ոստիկանները պարզել են, որ նա ստել է և գումարը տանուլ է տվել «Աջարաբեթում»

Արտառոց դեպք Իջևանում. կինը հայտնել է, որ ներքնակի միջից գողացել են 1 մլն դրամ. ոստիկանները պարզել են, որ նա ստել է և գումարը տանուլ է տվել «Աջարաբեթում»

Shamshyan.com-ի տեղեկություններով օգոստոսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Այդ օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ելենա Մ.-ն ահազանգել է իր բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժին և հայտնել, որ նույն օրը 08:40-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և ննջասենյակի «Զվարթ ներքնակ» գրառմամբ ներքնակի միջից գողացել են պոլիէթիլենային տոպրակի մեջ եղած ողջ գումարը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Բադիլյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատրյանը:

Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Արդեն տեղում Ելենա Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ տոպրակի մեջ եղել է 1 մլն դրամ, որը իրեն անհայտ պայմաններում գողացել են: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Տավուշի մարզային վարչության  ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները «հալած յուղի» տեղ չեն ընդունում նրա խոսքերը և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ պարզում են, որ Ելենան գողության իմիտացիա է ստեղծել:

Նրա պատմածը «Գյուլնազ տատու» հեքիաթ է, ապա փաստերի ճնշման տակ նա խոստովանում է, որ ինքը «Աջարաբեթում» խաղադրույք է կատարել ու պարտվել ու որպեսզի ամուսինը իրեն «մուշտի» չտա ստիպված զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ տունը թալանել են:

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում ձևակերպվել են փաստաղթղեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: 

Ելենա Մ.-ն Իջևանի ոստիկանությունից ներկայացվել է մարզային քննչական վարչություն:

Կիսվել