Մամուլ

Արտակարգ դեպք Վարդենիսում․ 27-ամյա տղամարդը հյուրանոցից անզգուշաբար վայր է ընկել․ նրան անցորդը օդում բռնել է և տեղափոխել հիվանդանոց

Արտակարգ դեպք Վարդենիսում․ 27-ամյա տղամարդը հյուրանոցից անզգուշաբար վայր է ընկել․ նրան անցորդը օդում բռնել է և տեղափոխել հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացու կողմից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

vardenis hyuranoc

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում տղամարդուն, Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ս․Ա․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիս քաղաքում գործող «Գոլդեն» հյուրանոցային համալիրի բակից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս․Ա․-ն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հյուրանոցային համալիրում փակվել է սենյակներից մեկում, ապա պատուհանից կախվել, այնուհետև նետվել ցած, սակայն անցորդը տեսնելով նրան, բռնել է, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վադենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Կիսվել