Մամուլ

Արտակարգ դեպք Երևանում. 51 երթուղու ավտոբուսն ինքնաբերաբար շարժվել և բախվել է Mercedes-ին

Արտակարգ դեպք Երևանում. 51 երթուղու ավտոբուսն ինքնաբերաբար շարժվել և բախվել է Mercedes-ին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Աղաբաբյան փողոցի 20/7 հասցեի դիմաց, թիվ 51 երթուղին սպասարկող Zhongtong ավտոբուսը կայանված է եղել ճանապարհի թույլատրելի հատվածում ու վարորդը իջել է ավտոբուսից և նկատել է, որ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը այդ պահին ավտոբուսի ընթացը կանգնեցնելու նպատակով քար է վերցրել, որպեսզի այն դնի ավտոբուսի անիվի տակ, սակայն այդ պահին անիվը սեղմել է քարը, քարն էլ սեղմել է նրա ձեռքի մատը:

avtobus 51

Վարորդին՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարին փոխարինող Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու Վաղարշակ Սարգսյանը:Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսի առաջ ընթանալու հետևանքով այն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes CLS  մակնիշի ավտոմեքենային:

Ավտոբուսում ուղևորներ չեն եղել:

Վթարի փաստով ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակում  նյութեր են նախապատրաստվում:Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Կիսվել