Մամուլ

«Արմենս չհասցրեց ամուսնանալ, ինքն այլեւս չունի հարսանիք… հարսանեկան ծաղկաշղթա եմ առել, իր նկարը զարդարել»

«Արմենս չհասցրեց ամուսնանալ, ինքն այլեւս չունի հարսանիք… հարսանեկան ծաղկաշղթա եմ առել, իր նկարը զարդարել»

Hraparak.am-ը գրում է․ Պատերազմը գլխիվայր շրջեց 43-ամյա Էլիզայի կյանքը. մեծ ընտանիքը կորցրեց տունը Մարտակերտի շրջանում, որը քար առ քար կառուցել էին, մանր-մանր վերանորոգել, իսկ երկրորդ տունն էլ հայտնվեց սահմանի բերանին:  Բայց այս կորուստները ոչինչ են որդու կորստի առաջ. պատերազմն Էլիզայից խլեց իր ամենաթանկին՝ Արմենին:

Արմենը հարսանիք չունեցավ

Բազմազավակ մայրը խոր հոգոց է հանում ու ափսոսում. «Դարձա հա՛մ տունս կորցրած, հա՛մ որդուս»… հետո լռում է ու մտքերով հասնում Շուշի, որտեղ Արմենը քոլեջը բարեհաջող ավարտել էր ու ընդունվել համալսարան:

Հպարտությամբ պատմում է՝ իր բոլոր երեխաների կրթությունն իր համար շատ կարեւոր է եղել: Հետո միտքը նրան տանում է Գյումրի, որտեղ Արմենը պարտադիր զինվորական ծառայություն էր անցել, պատմում է որդու ունեցած հաջողությունների մասին ու հպարտությամբ ցույց տալիս իր հերոսի շքանշանները:

Ես ուշադրությամբ ու լուռ հետեւում եմ Էլիզայի մտքի թելին, որը րոպեների մեջ հասցրեց լինել Մարտակերտում, Շուշիում, Գյումրիում, իսկ հիմա արդեն Էջմիածնում է. շրջում է իրենց ժամանակավոր բնակարանի փոքրիկ սենյակի խորհրդավոր սեղանի շուրջ:

զինվոր

Պատմում է ու աչքը չի կտրում Արմենի հիշատակին նվիրված, իր ձեռքով սարքած ու խնամքով դասավորած սեղանից՝ նկարներ, շքանշաններ, պատվոգրեր, հագուստ, անձնական իրեր: Հուզմունքը կոկորդս խեղդում է, երբ հիշատակի սեղանը բոլորող սպիտակ ծաղկաշղթայի նշանակությունն է պատմում. «Արմենս չհասցրեց ամուսնանալ, ինքն այլեւս չունի հարսանիք… հարսանեկան ծաղկաշղթա եմ առել, իր նկարը զարդարել»:

«Ծառայությունն ավարտելուց հետո, դեռ կարգին, կուշտ չքնած, կռիվը սկսվեց: Արդեն 20 օրվա ուսանող էր: Հենց կռիվը սկսվեց՝ առավոտ 7:30-ին, Շուշիից զանգեց, թե՝ մա՛մ, չվախես, ախպերքս մոտդ պահի, հանկարծ ոչ մի բան չանեն, ես գալիս եմ: Ես էլ ասեցի՝ մաման ցա՛վդ տանե, ո՞ւր ես գալիս, հենց եկար, քեզ բռնելու են-տանեն կրակի բերան: Ասեց՝ մա՛մ, չե՞ս ամաչում, մեծ կնիկ ես, տենց բաներ էլ չասես»: 

Պատմում է ու ձեռքը մեկնում որդու նկարին: Աչքերից սեր ու ցավ են հորդում, ձայնը դողում է։ «Էս էլ վերջին նկարն է… Ամուսինս էլ էր առաջնագծում, Արամազդս էլ կամավոր գրանցվեց: Արամազդս սնարյադ էր բարձում: Էդ օրը ախպորն օգնեց, հետո, թե՝ մա՛մ, շորերս տուր, ես գնացի: Կամավոր գրանցվել եմ, հլը չեն կանչում, բայց ես գնում եմ,- հետո կրկին լռում է ու շարունակում։- Ամսի 29-ին որ իրեն տեսել եմ, էդ է, էլ չեմ տեսել իրեն»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել