Մամուլ

Արարատի մարզում 27-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 67-ամյա կնոջը

Արարատի մարզում 27-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել 67-ամյա կնոջը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ մայիսի 24-ին, սպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած, ծակած բազմակի վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել մի կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, նրա վիճակը ծայրահեղ ծանր է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են, որ  հիվանդանոց տեղափոխվածը Արտաշատ քաղաքի բնակիչ, 67-ամյա Անահիտ Հ.-ն է:

Մինչ բժիկները պայքարում էին  նրա կյանքի համար, ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և հետաքննության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակարաններից մեկում Անահիտ Հ.-ի հետ վիճաբանել է Արտաշատի բնակիչ, 27-ամյա Աշոտ Հ.-ն, ով խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անահիտ Հ-ի մարմնի տարբեր մասերին:

danakaharutyun artashat

Ոստիկանները տաք հետքերով Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերել են կասկածյալ Աշոտ Հ.-ին և բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը հիվանդանոց է բերվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախ թոքի վերին բլթի միջանցիկ վնասումով, սրտապարկի և սրտի ձախ նախասրտի վնասումով,  հեմո-պնեվմոթորաքս, հեմոպերիկարդ, վերին վերջույթների և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած չթափանցող վերքեր, հեմոռագիկ և գիպովոլեմիկ շոկ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: Քննչական վարչություն է  ներկայացվել նաև կասկածյալը, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Անահիտ և Աշոտ Հ.-երը ազգականներն են:

Կիսվել