«Ավտոբուսում աղջնակը վատացավ, վարորդը հրաժարվեց միացնել օդորակիչը»
«Ավտոբուսում աղջնակը վատացավ, վարորդը հրաժարվեց միացնել օդորակիչը»
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեւանում, 40 աստիճան շոգին ավտոբուսում աղջնակը վատացավ, վարորդը հրաժարվեց միացնել օդորակիչը
Այսօր Երեւանում, 20 համարի ավտոբուսը Ավան էր բարձրանում։ Ահավոր շոգ էր, մի բարետես տիկին անընդհատ ավտոբուսի վարորդից պահանջում էր միացնել ավտոբուսի կոնդիցիոները, սակայն վերջինս չէր միացնում։
Հանկարծ 13-14 տարեկան մի աղջկա ինքնազգացողությունը խիստ վատացավ, ուշաթափվեց, նրա երեսին սկսեցին ջուր ցանել, նրան ջուր խմեցնել։
Այդ օգնությունը ցուցաբերելու ժամանակ ավտոբուսը կանգնել էր։ Ուղեւորները նորից պահանջեցին միացնել ավտոբուսի օդորակիչը, սակայն վարորդը չմիացրեց։
Ուղեւորները վարորդին ասացին, որ բոլոր ավտոբուսների վարորդները միացնում են կոնդիցիոներ։ Վարորդն անդրդվելի էր, ասելով՝ բոլորը միացնում են, իսկ ես չեմ միացնում։ Ուղեւորները ստիպված բացել էին ավտոբուսի բոլոր պատուհանները։
Երեւանի քաղաքապետ կամ՝ քաղաքապետի տեղապահ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի կարգավարական ժողովների ժամանակ փոքր առիթներով հոխորտում է քաղաքապետարանի աշխատակիցների վրա, սակայն քաղաքային տրանսպորտի խնդիրները մեծ են ու չլուծված, ավտոբուսում 40 աստիճան շոգից պե՞տք է մարդ մահանա,որ կոնդիցիոները միացնեն։
Այս անգամ, փառք Աստծու, երեխան փրկվեց։ Ավտոբուսից իջնելով՝ աղջնակը քայլում էր դանդաղ, երերուն քայլվածքով»։