ՄամուլՕգտակար

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս չլողալ Սևանի այն լողափերում, որտեղ կան ջրիմուռներ

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին խուսափել լողալ Սևանա լճի այն ափամերձ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ցիանոբակտերը կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։

Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ՝ տոքսիններ, որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։

Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես բերանի և քթի շուրջ,  մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա:

Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։

Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`

– չլողալ այն վայրերում, որտեղ նկատվում է ջրիմուռներ,

– արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,

– վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Չնայած նրան, որ լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ առավել ռիսկային տարածքներն են Վարդենիկ և Մարտունի համայնքներին հարակից լողափերը, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից:

Ուստի, ևս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս խուսափել այն տեղերում լողալուց, որտեղ ջրում առկա են ջրիմուռներ:

Կիսվել