Մամուլ

Առեղծվածային դեպք Վանաձորում․ բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին դատապարտյալը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Առեղծվածային դեպք Վանաձորում․ բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին դատապարտյալը շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով` հունվարի 6-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը` ժամը 13։50-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բրիգադան Վանաձոր քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց է տեղափոխել դատապարտյալի, ով ճանապարհին մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը դատապարտյալ 34-ամյա Գարիկ Դ.-ն է, ով ժամը 13։30-ի սահմաններում բանտից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով Գարիկ Դ.-ն դատապարտված է եղել ՀՀ քրօր-ի 177 հոդվածով 2020 թ․ նոյեմբերին` 3 տարի 6 ամիս ժամկետով, և Վանաձորի բանտ է ընդունվել 2020թ․ դեկտեմբերին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել