Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն. Լավրով
«Առանց Ղարաբաղի ժողովրդի համաձայնության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հաշվի առնի շահերի իրական հավասարակշռությունը»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 11-ին Եևանում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացին մասնակցելու վերաբերյալ հարցին։
Լավրովը հիշեցրել է, որ ավելի վաղ փուլում, երբ դադարեցրել էին ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղը բանակցությունների մասնակից էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը:
«Մենք, որպես համանախագահներ, կարող ենք միայն հավելել, որ գործընթացն ընթացել է ընդհանուր համաձայնությամբ: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձեւակերպել որեւէ համաձայնություն: Հայաստանն ուղղակի չի ստորագրի: Սրանից ենք ելնում»,- ընդգծեց Լավրովը:
Նրա խոսքով՝ տարածքային ամբողջականության, ժողովուրդների ինքնորոշման իրավունքների եւ խաղաղ կարգավորման սկզբունքներն ամրագրված են բորլոր տարբերակներում, որոնք կողմերի միջեւ քննարկվում են: Սրա հետ ոչ ոք չի վիճում: Մնացյալը բանակցությունների գործն է:
«Դիվանագիտության արվեստը փոխզիջումներն են: Մենք, որպես համանախագահներ, ջանում ենք, որ փոխզիջումներն արտահայտեն շահերի իրական հավասարակշռությունը»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը: