«Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք մահանում են սիրո պակասից». այսօր Մայր Թերեզայի ծննդյան օրն է
«Աշխարհում շատ մարդիկ կան, որոնք մահանում են սիրո պակասից»։ Այսօր կաթոլիկ միանձնուհի, «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզայի (իսկական անունը՝ Ագնես Գոնջա Բոյաջիու) ծննդյան օրն է: Նա ծառայում էր հիվանդներին և աղքատներին։ Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքին։
1931 թվականին իր կամքով կուսակրոնության ուխտ ընդունելով` 21 տարեկանում վերցրել է Թերեզա անունը` ի պատիվ 1927 թվականին սրբերի դասին դասված ֆրանսուհի միանձնուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), որը հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
Որոշ տվյալներով նա ունի հայկական ծագում, ինչի մասին Վազգեն Առաջինն է հայտնել Մայր Թերեզայի հետ հանդիպումից հետո:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Մայր Թերեզան ժամանել է Հայաստան, հանդիպել է, նաև, Վազգեն Առաջինի հետ: Հանդիպման ընթացքում Մայր Թերեզան կաթողիկոսին պատմել է իր հայկական ծագման մասին:
Նա ամբողջ կյանքում ողորմածության ու գթասրտության խորհրդանիշ եղավ ու այդպիսինը մնաց, անգամ, մահվանից հետո: