Մամուլ

Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին

ՀՀ Անվտանգության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով  պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:

ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: 

Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։

ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:

onik gasparyan

Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»:

Նշենք, որ, Հայաստանի Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարը ղեկավարում է Զինված ուժերը այդ հիմնական ուղղությունների շրջանակում»:

Միեւնույն ժամանակ, նույն հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ «Զինված ուժերի բարձրագույն ռազմական պաշտոնյան Գլխավոր շտաբի պետն է, ում, Վարչապետի առաջարկով, նշանակում է Հանրապետության Նախագահը օրենքով սահմանված ժամկետով»:

Սահմանադրության մեջ չկա որեւէ դրույթ այն մասին, որ Անվտանգության խորհուրդը մասնակցում է Գլխավոր շտաբի պետի նշանակմանը կամ կարող է կոչերով հանդես գալ, որոնք սահմանափակում են նախագահի իրավունքը` կասկածի տակ դնել Գլխավոր շտաբի ղեկավարին պաշտոնանկ անելու մասին վարչապետի առաջարկի սահմանադրականությունը:

Կիսվել