Անհետ կորած, երկկողմանի ծնողազուրկ 20-ամյա Հովհաննես Ասատրյանի եղբայրների գազն ու լույսն անջատել են
Անհետ կորած, երկկողմանի ծնողազուրկ 20-ամյա Հովհաննես Ասատրյանի եղբայրների գազն ու լույսն անջատել են
ArmLur.am-ը գրում է․ Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հայ զինվորների քաջագործությունների շարքը: Նրանց թվում էր նաև 20-ամյա Հովհաննես Ասատրյանը ՝ Շիրակի մարզից:
Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
ArmLur.am-ը զրուցել է նրա հորեղբոր՝ Հայկաձոր գյուղի բնակիչ Արտավազդ Ասատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հովհաննեսը ոչ հայր ունի, ոչ մայր եւ Հովհաննեսին մինչ օրս փնտրում են, սակայն չեն գտել: Վերջինիս հորեղբոր Արտավազդ Ասատրյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ի պատերազմից մինչեւ այսօր Հովհաննեսից նորություն չունեն:
«Մեր կառավարությունը ոչ մի բան էլ չի ուզում անի՝ հասկանալու համար, թե ուր են այդ երեխաները՝ մահացած են, գերին են, վիրավոր են, թե ինչ, ես շատ վրդովված եմ: Հովիկը երկողմանի ծնողազուրկ երեխա է, երկու եղբայր ունի՝ Նարեկն ու Խորենը:
Ես մարզպետին դիմում եմ գրել, մարզպետը լավ մարդ է, բայց ոչ մի հարցով չկարողացավ օգնել, նամակ գրել եմ փոխվարչապետ Ավինյանին, պատասխան չկա, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին եմ նամակ գրել երկու անգամ, պատասխան չկա:
Բոլոր փաստաթղթերը նրկայացրել եմ, ասում եմ՝ անհետ կորած երեխաների հարազատներին 6 ամիս 300 հազար դրամ գումար եք տալիս: Հովիկը ծնողներ չունի, տվեք նրանց եղբայրներին, գազն ու լույսը անջատել են, ինձ ասում են եղբայրները շահառու չեն, չենք կարող նրանց գումար տալ: Պատգամավորները նստում միլիոններ են առնում, եթե այդ երեխան շահառու չէ, ինչու տարաք Ղարաբաղ, այսօր լույսի գազի փող չեն կարողանում եղբայրները տալ:
Մեր Հովիկը Ադրբեջանին տվել է մեծ վնասներ, մեր վայենկոմատը բերել մարտական խաչ է տալիս, ես քեզ խաչ եմ տվել, որ դու բերում ես խաչ ես տալիս, բերեք մեր երեխուն: Դեմը ընտրություն է, ես չեմ թողնի մեր գյուղում ընտրություն անեն ու ամբողջ գյուղ էլ հետս, թող գան ինձ բռնեն տան, գեղը կանգնի գերան կկոտրի»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում