«Անթույլատրելի է, որ թոշակառուն ստանա 25 հազար դրամ թոշակ»․ Մանե Թանդիլյան
Իր 100 օրվա աշխատանքն ամփոփող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը առաջին իսկ օրվանից այն տպավորությունն է ստացել, որ նախարարությունը համարվել է փակ։ Հետո նա նշեց, որ մեր բնակչության մոտ կեսը՝ մեկ մլն 100 հազար մարդ, կյանքի այս կամ այն փուլում ուղղակի առնչվում է նախարարությանը։
Մանե Թանդիլյանը կարծում է, որ յուրաքանչյուր քաղաքացու խնդիր պետք է գնահատվի ժամանակային, հասցեական եւ թիրախային։ Երբ նախարարն առաջարկել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանել 50․000 դրամի փոխարեն 150․000 դրամ, դա առաջացրել է մեծ դիսկուրս։
Նա մի քանի անգամ ասուլիսի ժամանակ շեշտեց, որ այդ կերպ իրենք հաղորդագրություն են ուղարկում՝ հարգելի քաղաքացիներ, երկրորդ երեխան մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետեւ մեր երկիրն ունի ժողովրդագրության խնդիր։ Անդրադարձ եղավ նաեւ նպաստառուներին։
Նախարարը նշեց, որ այն քաղաքացին, որը պետք է նպաստ ստանա, չի ստանում, իսկ այն քաղաքացու տեղեկանքները, ումը բավարարում են, ստանում է։ Սակայն նրանք իրական հասցեատերերը չեն։ Մանե Թանդիլյանը նշեց, որ նպաստառուների կեսից ավելին համակարգի մեջ է եւ այնտեղից դուրս չի գալիս, ինչը նշանակում է, որ հինգ տարուց ավել նրանք ստանում են նպաստ։ Իսկ դրանք, ըստ նախարարի, 200 հազարից ավելին են։
Նա նշեց, որ իրենք հնարավորություն են տալիս՝ ունենալ կախվածություն նպաստից, բայց չեն լուծում այն խնդիրները, որոնց շնորհիվ քաղաքացին կունենա արժանապատիվ բարեկեցություն։ Կուտակային համակարգին անդրադառնալով էլ նա նշեց, որ այն քաղաքացին, որն ունի երեք-չորս երեխա, չպետք է նույն չափով վճարի, ինչ չափով վճարում է այն քաղաքացին, որն ունի մեկ երեխա կամ չունի երեխա։
Մանե Թանդիլյանին մտահոգում է նաեւ այն փաստը, որ կան ծայրահեղ աղքատ թոշակառուներ։ Իսկ դա վերաբերում է մոտ 80 հազար քաղաքացու։ Այդ քաղաքացիները, ըստ նախարարի, ստանում են պարենային նվազագույն զամբյուղից նվազ կենսաթոշակ՝ 25 հազար դրամ, ինչն անթույլատրելի է։
Աղբյուր՝ hraparak.am