Այսօր մահացած հովիվը 9 տարի առաջ ականատես է եղել նույն զորավարժարանում երկու անչափահաս տղաների պայթյունին
Այսօր մահացած հովիվը 9 տարի առաջ ականատես է եղել նույն զորավարժարանում երկու անչափահաս տղաների պայթյունին
Այսօր Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում գտնվող «Կամխուտ» զորավարժարանի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին Shantnews.am-ին մանրամասներ է փոխանցել Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը:
Ըստ նրա` արդեն մեկ ամիս է, ինչ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորականները «Կամխուտ»-ում կրակային վարժանքներ չէին անցկացնում, տեղափոխվել էին Ալագյազ գյուղի հարակից զորավարժարան:
Այդ նպատակով օգտագործվող Վահրամաբերդ գյուղի հարակից դաշտավայրեր մտնելն արգելվում է։ Նախիրը դաշտ արածելու տարած հովիվն անտեսել է այդ արգելքը։
«Ինձ ժամը 15:00-ի սահմաններում զանգահարեց ռուսական զորքի զինվորականներից մեկը, տեղեկացրեց, որ զորավարաժարանի տարածքից պայթյունի ձայն են լսել, այդ պահին նրանք մի քանի հոգով գտնվել են տարածքից 250 մ հեռավորության վրա»,- փոխանցել է Կարեն Արշակյանը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ռազմական ոստիկանության, Շիրակի մարզային ոստիկանության ու ռուսական ռազմական ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ հովիվը կրակադաշտից գտել է նռնականետի արկերից, փորձել է, հավանաբար, քանդել, և հենց այդ պահին էլ տեղի է ունեցել պայթյունը:
«Ես դիակին չմոտեցա, բայց ինձ փոխանցեցին, որ պայթյունից հովվի մարմինն ամբողջությամբ մասնատված էր: Տարածքում ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները համապատասխան գործողություններ կատարեցին, որից հետո միայն թույլ տվեցին մարմինը տեղափոխել պաթոլոգոանատոմիական լաբորատորիա»,- Shantnews.am-ի հետ զրույցում մանրամասնել է համայնքի ղեկավարի տեղակալը:
Ըստ Կարեն Արշակյանի՝ Վահրամաբերդ գյուղը արոտ չունի, երբեմն թույլտվություն են վերցնում ռազմաբազայից տարածքում նախիրներն արածեցնելու նպատակով:
Ընդհանուր զորավարժարանի տարածքը մոտ 1000 հեկտար է, իսկ բուն կրակային տարածքը զբաղեցնում է 100 հեկտար տարածք: Այնտեղ մտնելն արգելվում է, չնայած փշալարերով կամ այլ տարբերակով առանձնացված չէ, միայն ռազմական տեխնիկայի մուտքի հատվածներում տեղադրված են արգելափակոցներ ու գրություններ, իսկ ամբողջ տարածքում հսկողություն սահմանել ռազմաբազայի զինվորականների համար հնարավոր չէ:
2013 թվականին նույն տարածքում կրկին դժբախտ պատահար էր գրանցվել, այդ ժամանակ պայթյունից զոհվել էին Վահրամաբերդ գյուղի անչափահաս երկու տղաներ:
«Զարմանալի պատահականությամբ այսօր մահացած հովիվը տարիներ առաջ այդ դեպքի ականատեսն է եղել: Ինքը նկատել էր՝ ինչպես են տղաները ջուր բերելու նպատակով գնացել դեպի զորավարժարանի կողմը, իսկ րոպեներ անց լսել էր պայթյուն: Փաստորեն տարիներ անց հենց ինքը նույն տարածքում մահացավ»,- ասում է Կարեն Արշակյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում