Այսօր զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութ քաղաքից էր․ մասնակցել էր 44-օրյա պատերազմին (ֆոտո)
Այսօր զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը Հադրութ քաղաքից էր․ մասնակցել էր 44-օրյա պատերազմին (ֆոտո)
News.am-ը գրում է․ Արցախի արևելյան սահմանագոտում այսօր զոհված 32-ամյա Արարատ Թևոսյանը ծնունդով Հադրութ քաղաքի Ցոր գյուղից էր։
«Արարատը երկար տարիներ Ռուսաստանում էր ապրում, 44-օրյա պատերազմի ժամանակ վերադարձավ, կամավորագրվեց եւ մասնակցեց պատերազմին, հետո էլ որոշեց, որ պետք է բանակում ծառայի եւ աշխատանքի անցավ որպես պայմանագրային զինծառայող։
Միշտ ասում էր՝ որ ես չգնամ կամ ուրիշը չգնա, մեր հայրենիքը կմնա առանց զինվորի, սահմանապահի։ Մի քանի օր առաջ հիվանդանոցում էր հայտնվել, պետք է մնար բուժումը շարունակեր, բայց չմնաց, ասաց՝ պետք է գնամ»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Արարատի ընկերը՝ Կարենը։
Արարատ Թեւոսյանի ընտանիքը 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Արարատի մարզ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, քույր ու եղբայր ունի։ 32-ամյա Արարատ Թեւոսյանն ամուսնացած չէր։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։