Մշակույթ

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օրն է

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի ծննդյան օրն է:

Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

Կիսվել