«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը». Փայլան
«Այն, ինչ տեղի է ունեցել իմ տատի հետ, չի կարող լինել հնագետների հարցը»: Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է Էրդողանի քննադատությանը, որը վերաբերում էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Փայլանը գրառում է արդել Twitter միկրոբլոգում:
«Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասաց. «Այս հարցը պատմաբանների գործն է: Այս հարցը հնագետների գործն է: Այս հարցին թող քաղաքական աստառ չտան»:
Պատմաբանները չեն կարող առերեսվել այն ցեղասպանության հետ, որը Թալեաթ փաշայի քաղաքական որոշմամբ է իրագործվել… Այն, ինչ տեղի է ունեցել իմ (հորական) տատի հետ չի կարող լինել հնագետների հարցը»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ էր քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չէր մասնակցել քվեարկությանը:
Բանաձևի ընդունմանը կոշտ արձագանք էին տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և իշխանական վերնախավի այլ ներկայացուցիչներ:
Աղբյուր՝ ermenihaber.am