Մամուլ

«Այնպիսի տպավորություն է, որ եթե ամբողջ ազգը ծխելը թարգի, մենք ոչ մի հիվանդություն չենք ունենալու». Լուսինե Բադալյանը՝ Արսեն Թորոսյանին

«Այնպիսի տպավորություն է, որ եթե ամբողջ ազգը ծխելը թարգի, մենք ոչ մի հիվանդություն չենք ունենալու»: 2020-ի պետբյուջեի նախագծի քննարկումներն ԱԺ-ում շարունակվում են, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանն ասաց, որ պոլիկլինիկաներում տրվող դեղերն արդյունավետ չեն, օրինակ, սրտանոթային հիվանդին երկու դեղ են տալիս, երբ մի դեղ կա, որ երկուսն էլ պարունակում է.

«Ծախսարդյունավեության խնդիր ունենք, պետությունը ծախս է անում ու դրանք անարդյունավետ են, չեն օգտագործում»:

Նախարարը պատասխանեց, որ եթե երկու դեղ է, դա հիմք չի ասել, որ արդյունավետ չեն.

«Քիմիական անվանումով այդ դեղերը պետք է արվեն: Մյուս կողմից դեմ չեմ, եթե բրենդային դեղեր տանք, բայց դրա համար մեր 1,5 տոկոսանոց ՀՆԱ-ից առողջապահության բյուջեն պետք է դարձնենք 4 տոկոս, օրինակ: Դուք նման քայլի կգնա՞ք: Եկեք ընդհանրապես բրենդի անուններով դեղեր առնենք, ոչ թե քիմիական անվանումներով: Իհարկե, պարոն Ջանջուղազյանը թույլ չի տա, որ դա տեղի ունենա, հեռվից ուշադիր խեթ հայացքով նայում է ինձ, պետք է տեղավորվենք սահմանաչափերի մեջ, որ ունենք»:

Նախարարն ասաց, որ միգուցե մի քիչ անհարմար է մեկի փոխարեն երկու դեղ խմել, բայց հիմա հարմարության մասին չեն մտածում, մտածում են առողջության մասին: Արսեն Թորոսյանն ասաց, որ սրտանոթային հիվանդությունների ամենամեծ խնդիրը ծխելն է, հետո աղը.

«Մենք երկու անգամ ավելի շատ ենք աղ օգտագործում Հայաստանում նորմայից եւ մեծ քաշն է նաեւ, թերակտիվությունը, մեծ քաշը»:

Լուսինե Բադալյանն ասաց, որ թոքի քաղցկեղն ամենատարածվածն է ՀՀ-ում, բայց թոքի սքրինինգ չի իրականացվում, իրականացվում է կոլոռեկտալ սքրինինգը: Նախարարը համաձայնեց, որ շնչառական ուղիների՝ կոկորդի, լեզվի քաղցկեղներն էլ մեծ տարածվածություն ունեն.

«Հնարավոր սքրինինգային ծրագրերից, որոնց ծախսն արդյունավետ է, մենք անում ենք, իսկ թոքի քաղցկեղի սքրինինգի ծախսն արդյունավետ չի, իսկ կոլոռեկտալ սքրինինգի ծախսը համարվում է ծախսարդյունավետ: Թոքի քաղցկեղի դեմ պայքարը պետք է լինի այն, որ առաջին գանգատի դեպքում դիմեն բժշկի»:

Լուսինե Բադալյանն արձագանքեց. «Այնպիսի տպավորություն է, որ եթե ամբողջ ազգը ծխելը թարգի, մենք ոչ մի հիվանդություն չենք ունենալու, ֆինանսների նախարարությունը առողջապահության նախարարության համար գումարներ հատկացնելու խնդիր չի ունենալու»:

Նախարարը պատասխանեց. «1900 դեպք է լինում թոքի քաղցկեղի, 9 անգամ դեպքերի թիվը կքչանա, եթե ձեր ասած տարբերակով ոչ մեկը չծխի, տարեկան 200 դեպք է լինելու, համեմատելի չի, էլի»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել