ԺամանցՇոու-բիզնես

«Այլ կանանց հետ համբույրներն ինձ արգելված են և ոչ հաճելի». Արամեի նոր տեսահոլովակն ու ուկրաինացի մոդելը

«Այլ կանանց հետ համբույրներն ինձ արգելված են և ոչ հաճելի». Արամեի նոր տեսահոլովակն ու ուկրաինացի մոդելը

Սիրո գեղեցիկ պատմություն, ուկրաինացի հերոսուհի և ռուսալեզու երգ. Արամեն նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին, որում նկարահանվելու համար Երևան է հրավիրել ուկրաինացի մոդել Չառա Խորիվին։

Երգի երաժշտությունը գրել է Մարտ Բաբայանը , խոսքերը` Կամետա Բերսանովան, գործիքավորումն արել են Մոսկվայում։ Արամեն հայտնեց, որ նոր երգը մեղեդային է, բայց ոչ տխուր։ Տեսահոլովակում էլ պահպանել են այս տրամադրությունն ու փորձել ներկայացնել, թե որքան մաքուր ու անկեղծ կարող է լինել սերը մարդկանց միջև, որոնք արդեն ապրում են իրար հետ։

նոր տեսահոլովակ

«Ի սկզբանե խնդիր էինք դրել, որ չլինի ինտրիգ, կորուստ, կռիվ, բաժանում, հետո միացում։ Իհարկե, սյուժետային գծի համաձայն, կա փոքրիկ ինտրիգ, բայց դրա շուրջ շատ չենք ծավալվել։ Ուզում էինք ներկայացնել գեղեցիկ սիրո պատմություն»,– ասաց Արամեն։

Տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է։ Նկարահանվելու համար ուկրաինացի մոդել ընտրելու որոշումը, երգչի խոսքով, ռեժիսորին է եղել։ Ինքը նման հարցերի չի միջամտում։ Վստահեցնում է` կարծում են, որ Հայաստանում էլ կան գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մոդելներ, պարզապես, երբեմն ռեժիսորները ներկայացնում են մոդելի կերպար, որին կարելի է գտնել արտերկրում։

«Երբ ռեժիսորին տեսահոլովակ ենք պատվիրում, նա սկսում է ներկայացնել իր պատկերացնումները, ասում է, թե ինչպիսի աղջկա տեսնում հերոսուհու դերում։ Օրինակ, նույն  ռեակցիաները հայ աղջիկները մի կերպ են տալիս, այլ մենթալիտետ ունեցող աղջիկները` այլ։ Ընտրությունը ձևաչափից է կախված»,– ասաց երգիչը։

ուկրաինացի մոդել

Չառան մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ է նկարահանվում հայ երգչի տեսահոլովակում։ Նա հայտնեց, որ իր հետ կապ են հաստատել մոդելային գործակալության միջոցով։ Արամեին համագործակցության արդյունքում է ճանաչել, հասցրել է շատ սիրել երգը, որի հիման վրա տեսահոլովակ են նկարահանում։

«Շատ մեղեդային ու գեղեցիկ ստեղծագործություն է։  Արամեի հետ աշխատանքն էլ հրաշալի է ստացվում։ Դեռ չենք հասցրել ընկերանալ, բայց հուսով եմ` հետագայում նաև կընկերանանք։ Առհասարակ, ինձ դուր եկավ այստեղ աշխատելը։ Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ է կազմակերպված»,– նկատեց մոդելը, որը 3 օր է անցկացնելու Հայաստանում։ Հուսով է` հաջորդիվ ավելի երկար ժամանակով Հայաստան այցելելու առիթ ունենալ։

Հայկական տեսահոլովակներում համբույրի տեսարաններ հաճախ չեն լինում, որովհետև հայ մոդելներից շատերը չեն համաձայնում։ Այս անգամ մոդելն Ուկրաինայից է, բայց Արամեի արձագանքը համբույրի տեսարանին կտրուկ է` իհարկե չի լինի, երգիչն է հայ:) Պարզվում է` երգչի համար սա սկզբունքային հարց է։

 Չառա Խորիվի

«Ես չեմ կարող ինձ  նման բան թույլ տալ, որովհետև ապրում եմ այլ իրականության մեջ։ Ես ընտանիքի հայր եմ։ Այլ կանանց հետ համբույրներն ինձ համար արդեն արգելված են և ոչ հաճելի,– ասաց նա ու հիշեց, որ Անժելիկա Ագուրբաշի հետ զուգերգի տեսահոլովակի նկարահանման ժամանակ էլ ինքը կտրականապես հրաժարվել է նկարահանվել համբույրի տեսարանում։

–Երբ սցենարն ինձ ներկայացրին, մարմնովս դող անցավ, որովհետև վերջում ես ու Ագուրբաշը պետք է ցնցուղի տակ շատ կրքոտ համբուրվեինք ու բաց չթողնեինք իրար։ Ես միանշանակ հրաժարվեցի այդ տեսարանից և ասացի, որ տեսահոլովակում պետք է լինեմ հագնված, չոր ու առանց համբույրների։)»։

Երգչից հետաքրքրվեինք` այս սահմանափակումը կինը` Աննա՞ն է դրել, թե՞ ինքը։ Պարզվեց` ինքնակամ է եկել նման որոշման. «Եթե ես լինեի այդպիսի մարդ ու բացատրեի Աննային, որ տեսարանն անհրաժեշտ է, նա կհասկանար, բայց ես չեմ կարող ինձ նման բան թույլ տալ։ Դրա կարիքն էլ չունեմ։ Տեսահոլովակն առանց համբույրի էլ կարող է շատ գեղեցիկ լինել»։

 Չառա Խորիվի

Տեսահոլովակի նկարահանման համար Արամեն չի համագործակցել իր մենեջերի` Սյոմա Կոդաբաշյանի հետ, որը ևս ռեժիսոր է։ Տղաները կատակում են, որ գումարը չի բավականացրել նրան տեսահոլովակ պատվիրելու, ապա պարզաբանում, որ առաջիկայում համերգային մեծ շրջագայություն ունեն, Սյոմայի զբաղվածությունը մեծ էր։

Արամեն վստահեցնում է` Սյոման չի խանգարում Արենին։ «Միջամտությունը միայն օգնություն է։ Սյոման ու Արենը մտերիմ ընկերներ են և լարվածություն չկա։ Եթե նկատեինք, որ նեղվածություն կա,  չէինք խանգարի, բայց  չենք էլ խանգարում, օգնում ենք։»,– ժպիտով ասաց Արամեն։

Տեսահոլովակի նկարահանումներն «առանց զոհերի» չեն անցել։ Արամեն հասցրել է ոչ միայն սառչել, այլև կապտուկներ ձեռք բերել բետոնե աստիճանների վրա պառկած  տեսարանի նկարահանման  ժամանակ։ Ասում է` մաշկը շատ զգայուն է։

Tert.am

Կիսվել