Շոու-բիզնես

«Այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու». Լալա Մնացականյան

«Այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու». Լալա Մնացականյան

«Փաստ»–ը շարունակում է մշակույթի և արվեստի գործիչների հետ զրույցների շարքը: Մեր հյուրն այս անգամ դերասանուհի, սցենարիստ և ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն է:

Անարդարության կծիկը բացվում:

Մարդը սթափվում է այն ժամանակ, երբ համբերության բաժակը լցվում է: Ժողովրդի համբերության բաժակը լցվել էր, և  նա սթափվեց: 20 տարուց ավելի տիրող անարդարության կծիկը բացվում է: Մենք գիտեինք, որ ապրում ենք շատ ծանր ժամանակաշրջան, բայց որ կեղծիքը, խաբեությունն ու ստորաքարշությունն այս աստիճանի է եղել…

Ամեն օր ավելի է բացվում այդ կծիկը, ու դու հասկանում ես, որ ապրել ես ոչ թե ճորտատիրական, այլ ստրկատիրական հասարակարգում: Դրա համար ժողովուրդը չէր կարող ոտքի չկանգնել: Շատ եմ ասել՝ մի փոքր կաթիլ է պետք, և ժողովուրդը կպայթի: Այդ մի փոքր կաթիլը եղավ: Երբ մարդը հասկանում է, որ պետք է արժանապատիվ կյանքով ապրի, դա արդեն գիտակցում է և ոչ թե տրամադրություն, որը կարող է փոխվել: Այդ գիտակցությունն այլևս չի կարող փոխվել:

Արգելել էին սիրել մեր երկիրը

Նախորդ իշխանությունները 30 տարում ոչինչ չարեցին, մենք ուզում ենք 30 օրվա մեջ ինչ–որ բան արվի: Բայց ես հիմա տեսնում եմ ծառայողի, ինչը չէի տեսնում նախորդների դեպքում: Ոստիկանը չի հարձակվում քեզ վրա ու վիրավորում: Ամեն դեպքում, հասկանում ես, որ դու կկարողանաս քո իրավունքներին տեր կանգնել: Մենք սկսե­ ցինք սիրել մեր երկիրը: Մեզ արգելել էին սիրել մեր երկիրը:

Չգիտեմ՝ այս աստիճան վատ մարդիկ ո՞նց հավաքվեցին իրար գլխի ու քսան տարուց ավելի մեզ «կերան»: Ես միշտ եմ խոսել, բողոքել, բայց հիմա ինքս ինձ հարցնում եմ՝ ինչքա՞ն բան չեմ իմացել: Որ այդքան բան իմանայի, գուցե խելագարվեի: Պարզվում է՝ եթե հարկ չեն վճարել, մեզ լավություն են արել, որովհետև հարկ չվճարելու պարագայում աշխատատեղեր են բացվել: Է, վճարի՛ր իմ հարկերը, թող ես բարձր աշխատավարձ ստանամ, ես էլ ուրիշներին օգնեմ:

Մշակույթը դեռ երկար կվերականգնվի. շատ աղբ է մտել մեր իրականություն

Այսպիսի պայմաններում ամենաշատը կոտրվում, մասնատվում ու դեմքն ամենաշուտը կորցնում է մշակույթը: Մշակույթի «հերն անիծել» են: Մշակույթը պահել են արվեստին անվերապահ սիրահարված անհատներ: Կառչած են պահել: Բայց ես տեսել եմ մշակութային գործիչների լռություններ, տարօրինակ պահվածք… Եթե ուզում ես բարձրացնել ժողովրդին, սկսիր մշակույթից:

Բայց չգիտեմ, թե մեր մշակույթը որքան երկար կվերականգնվի: Կարծում եմ՝ շատ երկար, որովհետև այն ամենախոցելի օղակն է: Ի՞նչ կատարվեց մեր երգարվեստում, այդ աստիճան աղբից մենք ո՞նց ենք փրկվելու: Չգիտեմ՝ ո՞նց ենք փրկվելու ցածրորակ սերիալներից ու հաղորդումներից: Շատ աղբ է մտել մշակույթ։

Կիսվել