Մամուլ

«Ամուսնուս հետ այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված» Աննա Հակոբյանի հարցազրույցը հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին

«Ամուսնուս հետ այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված»։ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր  «Diplomatic World» ամսագրին: Հարցազրույցում Աննա Հակոբյանը պատմել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման, սիրո և ընտանիք կազմելու պատմությունը:

Լրագրողի հարցին, թե ո՞րն է ոգեշնչման աղբյուրը, Աննա Հակոբյանը շեշտել է, որ ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը չի տարրանջատում ամուսնու գործունեությունից:

Diplomatic World

«Մենք այդ ճանապարհը միասին ենք գնացել՝ ձեռք ձեռքի տված, և ես իմ առաքելությունը տեսնում եմ առաջին հերթին աջակցելով նրան: Որովհետև այս ամբողջ ժամանակահատվածում մենք բազմաթիվ դժվար ժամանակներ ենք միասին անցել՝ հետապնդումներ, բանտ, ընդհատակյա գործունեություն: Եվ ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրան, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը:  Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ ինձ տեսնելով իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»,- ասել է Աննա Հակոբյանը:

Խոսելով Հայաստանի մասին, որպես խաղաղության գլոբալ կենտրոն վարչապետի տիկինը նշել է, որ վերապրելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայ ժողովուրդը  շատ է կարևորում և գնահատում աշխարհում խաղաղության դերը:

«Եվ այսօր Հայաստանը շատ կարևոր դերակատարում ունի ոչ միայն խաղաղության ամրապնդման և պահմանման, այլև ցեղասպանությունների դեմ կանխարգելման հարցում: Որովհետև, ով եթե ոչ հայ ժողովուրդն ունի իրավունք կոչ անելու, որ կանխարգելվեն մարդկության դեմ հանցագործությունները»,- ասել է Աննա Հակոբյանը:

Նիկոլ Փաշինայն

Այդ համատեքստում նա պատմել է նաև իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին, ներկայացրել նախաձեռնության նպատակը: Աննա Հակոբյանը նշել է, որ այս հարցում շատ մեր դերակատարություն ունեն կանայք, ովքեր կարող են իրենց ձայնը բարձրացնել և պայքարել, որպեսզի հակամարտությունները լուծվեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ և հակամարտությունները մարդկային կյանքեր չխլեն:

Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը խոսել է Հայաստանի բրենդի մասին՝ շեշտելով, որ իր համար Հայաստանն առանձնանում է երկու կարևորագույն առանձնահատկությամբ.  Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում և ունի ամենագեղեցիկ ու հրաշալի տեսարանը դեպի բիբլիական Արարատ սարը:

«Բայց ես պետք է խոսեմ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության և հետ հեղափոխական 18 ամիսների մասին: Որովհետև այդ ժամանակահատվածում Հայաստանն աշխարհին հայտնի դարձավ ոչ միայն որպես երկիր, որ ունի ամենահին քրիստոնեկան պատմությունը, այլև երկիր, որը կատարեց թավշյա հեղափոխություն, որի ժամանակ բռնության ոչ մի նշաններ չեղան, չթափվեց ոչ մի գրամ արյուն»,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ այդ համերաշխության արմատները տանում են դեպի քրիստոնեական արժեքներ:

Նիկոլ Փաշինյան

Աննա հակոբյանը խոսել է նաև երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին որպես երկրի բրենդ, անդրադարձել երկրում ազգային փոքրամասնություններին՝ շեշտելով, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները երբեք որևէ խնդիր չեն ունենում և ապրում են համերաշխ հայերի հետ:

Աննա Հակոբյանն անդրադարձել է նաև երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերակատարությանը՝ շեշտելով, որ ներկայիս կառավարությունը շատ մեծ նշանակություն է տալիս կանանց դերակատարությանը:

Կիսվել