Ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյան
Ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանն իր թոռնուհի Սավաննայի հետ շուտով լույս է ընծայելու «Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի արկածները» գիրքը, որը հինգից տասներկու տարեկան երեխաների համար է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագահի տիկին Նունե Սարգսյանն անկեղծացել է, թե որտեղից է գալիս սերը գրելու և ստեղծագործելու հանդեպ, պատմել է այն մասին, թե ինչպես է ստեղծագործում վեցամյա թոռնուհու հետ, կիսվել է իր երազանքներով ու հետաքրքիր դրվագներ պատմել կյանքից:
Տիկին Սարգսյան, Ձեր հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի: Դուք բանասեր եք, գրում եք, նաև նկարում:
Ընտանեկան մթնոլորտը նպաստե՞լ է ձեր մասնագիտական նախասիրությունների ձևավորմանը:
Ամեն երեխայի և դեռահասի վրա ազդում է ընտանեկան մթնոլորտը և ընտանիքի ճաշակը։
Ընտանիքում է, որ ես ստացա աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, սովորեցի ժամանակս ճիշտ օգտագործել և ծույլ չլինել։
Իմ շուրջը բոլորը աշխատում էին։
Պապիկս, օրինակ, «Արմենպրես»-ի թարգմանիչն էր։
Հիշում եմ, որ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարների երկար ճառերը ռուսերենից հայերեն թարգմանելու համար նա գիշերները մնում էր հիմնարկում՝ ապահովելով առավոտվա մամուլում ճառերի հայերեն տպագրությունը։
Մեծացել եմ գրքերի ու թատրոնի մասին զրույցներ ականջ դնելով, արվեստի համաշխարհային գանձերը մեր տան գրադարանում ուսումնասիրելով։
Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ հյուրեր էինք ունենում։
Ամեն հյուր իր կերպարն ուներ, ամեն հյուր իր պատմություններն ուներ, որոնք անչափ հետաքրքրում էին ինձ։
Բազմաթիվ քաղաքական գործիչներ շեշտում են, որ չէին կարող լուրջ հաջողությունների հասնել, եթե իրենց կողքին բանիմաց և նվիրված կին չլիներ:
Դուք ի՞նչ դերակատարություն եք ունեցել Արմեն Սարգսյանի ձեռքբերումներում:
Համաձայն եմ։ Սակայն կարծում եմ, որ ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ։
Մի առիթով ասել եք, որ շատ երազանքներ եք զոհել հանուն ընտանիքի բարեկեցության: Ինչի՞ մասին եք երազում այսօր:
Երազում եմ, որ Հայաստանում երեխաները լինեն առողջ ու զվարթ, կրթություն ստանան և մասնագիտություն ձեռք բերեն, որ ընտանիքները լինեն բարեկեցիկ և երջանիկ, որ երբեք չլինի պատերազմ։
Շուտով մոտենում է ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը: Ի՞նչ կմաղթեք կանանց:
Մայրության ու գեղեցկության տոնի առիթով մաղթում եմ մեր կանանց առողջություն և երջանկություն։
Սիրելի կանայք, ձեր աչքերի փայլը, ձեր ժպիտը, ձեր քաջալերանքը ամուսնուն և երեխաներին, ձեր զրնգուն ձայնը և ուրախ ծիծաղը վարակում են բոլորին։
Ուստի շարունակենք լինել ուժեղ, լավատես և կենսունակ հայ նոր սերունդը կրթելու համար։