Աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը. վերանայեք մաքսազերծման որոշումը․ Մարուքյան
«Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ կապված մաքսային ծառայության կողմից ավտոմեքենաների մաքսազերծման գների բարձրացման հետ:
Խնդիրն այն է, որ ընթացիկ տարվա հունվարի 01-ից մաքսազերծումը կատարվում է միայն մաքսային ծառայության կողմից սահմանված մաքսատուրքերով և այլևս հնարավոր չէ մաքսազերծումը կատարել մեքենայի առուվաճառքի փաստաթղթերի (օրինակ՝ հաշվի ֆակտուրայի) հիման վրա։ Դրա հետևանքով աճում է մեքենաների գինը, կրկին խթանվում հնամաշ մեքենաների ձեռքբերումը։
Այսպես, եթե անձը ցանկանում է ձեռք բերել համեմատաբար նոր ավտոմեքենա, որի արժեքն արտերկրում օրինակ 5.000 ԱՄՆ դոլար է, վաճառքի գնի մեթոդով մաքսազերծումը կազմում է 32%՝ 1.600 ԱՄՆ դոլար, իսկ կոմիտեի կողմից կազմված փաստաթղթերով գինը հասնում է 9.000 ԱՄՆ դոլարի։
Այսպիսով, խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն նշյալ որոշման հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ և առաջարկել վերանայել այս թանկարժեք մեթոդով մեքենաների մաքսազերծման որոշումը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: