Մամուլ

Աղջիկս ասում ա` մամ, հիմա խանութում արդեն ամեն ինչ կա, որ ճաշը մենք չսիրենք, կարանք, չէ՞, ամանի տակը թողենք

Աղջիկս ասում ա` մամ, հիմա խանութում արդեն ամեն ինչ կա, որ ճաշը մենք չսիրենք, կարանք, չէ՞, ամանի տակը թողենք

Sputnik Արմենիան գրում է․ Արցախցիները 9 ամիս համբերությամբ դիմացան դաժան շրջափակմանը, որովհետև գիտեին, թե ինչի համար են դա անում՝ հանուն հայրենի հողում, սեփական տանն ապրելու։

Sputnik Արմենիան շարունակում է պատմել Վանաձորում ժամանակավոր կացարան գտած ընտանիքների մասին։

Արցախից բերված ամենաթանկ իրերից մեկը հեռախոսն է․ պատշգամբի փոքրիկ աթոռին նստած 33-ամյա Լիլիթը շարունակ թերթում է արդեն հիշողություն դարձած արցախյան կյանքի լուսանկարները։

Ցույց է տալիս, թե ինչպես էին սիսեռից սուրճ ստանում, սոդայով՝ լվացքի փոշի, կովերի ուտելու համար օգտագործվող քարաղից՝ աղ, ինչպես երկու երեխաների ծննդյան օրերի տորթերին ձմերուկն էր փոխարինել, բայց օրն էլի տոնական էր անցել՝ հյուրերով, երգ ու պարով։

«Սեղանին հյուն ա, խաղող, թարսի պես բաքմազով (խմբ․ դոշաբ) կեքսերն էլ ընենց բարակ էին ստացվել»,- ժպտալով հիշում է Լիլիթը։

Ծնունդով Մարտունու շրջանի Գիշի գյուղից է, ասում է՝ իր ծննդավայրի բարձր դիրքի շնորհիվ շրջակայքն ասեսձեռքի ափի մեջ լիներ։ Մի պահ լռում է, կարծես փորձում է նորից տեսնել այն պատկերները, որ իրենց գյուղից էին բացվում։ Գիշիից հարս է գնացել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղ։

«Ապրում էինք շատ երջանիկ, մեր երջանկությունից երկրագնդի վրա ոչ մի ազգ չուներ»,- ասում է Լիլիթը։

Դեկտեմբերի 12-ից հետո ամեն օր հույսով սպասել են, որ Հայաստանի հետ միակ ճանապարհը նորից կբացվի։ Խանութները սկսեցին հերթով դատարկվել, երեխաների սիրելի կոնֆետներն այլևս չկային, ալյուրը վերջացավ, բայց դա էլ խնդիր չէր, ցորենի փոխարեն գարուց ու եգիպտացորենից էին ալյուր ստանում։ Պատմում է՝ գյուղի մանկապարտեզը ոչ մի օր չի փակվել, ով ինչ ուներ տանը, տալիս էր, տնօրենը թխվածքաբլիթներ էր թխում, կարկանդակներ, որ երեխաներն ուտեն, պարտեզից չկտրվեն։

«Դրանից էլ էինք գոհ, գիշերվա 12-ից առավոտվա 6–ը ձգվող հերթերն էլ էին դիմանալու, բայց սեպտեմբերի 19–ն էլ դիմանալու չէր։ Մենք նեղացած ենք մի քիչ, որ մայր հայրենիքը մեզ օգնության ձեռք չմեկնեց, բայց եղավ այն, ինչ եղավ։ Հիմա էլ Արցախ չենք կարող վերադառնալ»։

…Գիշերը խմոր էր արել, գնդել, որ հաց թխեր։ Երբ պատերազմը սկսեց, լույսերն անջատեցին։ Հացի դեֆիցիտ էր, ինչ կապ ունի՝ գլխիդ վերևում ռումբեր են, թե չէ, հացը չպիտի փչանար, շենքի բակում փայտի վառարան արագ տեղադրեցին, ու դրա վրա հաց թխեց։ Կեսը տեղում կերան, կեսն էլ հետները տարան օդանավակայան։

«Մինչև երեկո ապաստարաններում էինք, հետո մեզ տարհանեցին, տեղափոխեցին օդանավակայան՝ ռուսական բազա։ Էնքան մարդ կար էնտեղ, առաջին օրը իրենց կացարանում քնեցինք, երկու օր՝ մեքենայում, մի օր էլ` պալատկայի տակ»։

Լիլիթն այդ օրերի լուսանկարներն է ցույց տալիս, անգամ օդանավակայանի բակում մարդիկ վառարաններ էին տեղադրել, հաց էին թխում, կերակուր պատրաստում։ Արցախցին ամեն դժվարություն պատրաստ էր հաղթահարել, միայն թե հայրենի հողում լիներ։

«Լվացքի ճար չկար, ասում էի` շորերը մաքուր պահեք։ Ամանի ճար չկար, հացն ուտում էին, տարելկեքը հացով սրբում էին, ասում` լվանալու կարիք չկա, մենք նենց ենք մաքրում։ Աղջիկս ասում ա` մամ, հիմա խանութում արդեն ամեն ինչ կա, որ ճաշը մենք չսիրենք, կարանք, չէ՞, ամանի տակը թողենք»։

Ի՞նչ են անելու. կյանքը զրոյից կսկսեն, տուն կստեղծեն` աշխարհի որ անկյունում էլ լինեն, բայց այդ տունն իրենց հողի վրա չի լինելու, ուրեմն ինչ–որ բան միշտ կիսատ է մնալու։

Առավել մանրաման՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում