Մամուլ

Աղբահանության տրանսպորտային սարքավորումներ ձեռք բերելու համար հատկացվեց 1 միլիարդ 571 միլիոն դրամ

Աղբահանության տրանսպորտային սարքավորումներ ձեռք բերելու համար հատկացվեց բյուջեից հատկացվեց որոշակի գումար։ Երևանի ավագանու երեկվա արտահերթ նիստում ընդգրկված նախագծերից մեկով առաջարկվում է փոփոխություն կատարել բյուջեի մասին որոշման մեջ և «Աղբահանություն ու սանիտարական մաքրում» նորարստեղծ համայնքային հիմնարկին հատկացնել լրացուցիչ միջոցներ։ Խոսքը վերաբերում է 1 միլիարդ 726 միլիոն դրամով ավելացմանը։

Դրանից 1 միլիարդ 571 միլիոնը նախատեսվում է ուղղել տրանսպորտային սարքավորումների ձեռքբերմանը։ « Երևան քաղաքում աղբահանության, սանիտարական մաքրման և ձմռան ամիսներին ձնմաքրման աշխատանքները պատշաճ և արդյունավետ իրականացնելու և մաքուր Երևան ունենալու համար թվով 5 սանիտարական մաքրման մեքենա, 11 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 10 բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենա, 22 մայթերի ձնահավաք մեքենա, 10 աղբատար մեքենա հետևի բարձմամբ և 3 կոնտեյներների լվացման մեքենաների ձեռքբերման համար»,- նպատակները թվարկվում են որոշման նախագծում։

Նշվում է նաեւ, որ 155 միլիոն դրամի ավելացումն էլ  պայմանավորված է Երևան քաղաքում արդեն հնամաշ, այրված, ջարդված և շարքից դուրս եկած կոնտեյներները նոր կոնտեյներներով փոխարինելու և դրանց քանակը ավելացնելու նպատակով։ Նախատեսվում է ձեռքբերել կենցաղային թափոնների թվով 1000 նոր կոնտեյներներ։

Առաջարկվեց նաեւ անհրաժեշտ 1 միլիարդ 735 միլիոն դրամն ամբողջացնելու նպատակով 91 միլիոն դրամը տեղափոխել նախադպրոցական հաստատությունների վերանորոգման ծրագրից։ Ավագանու ընդդիմադիր անդամների շրջանում դա հարցեր առաջացրեց՝ ինչու աղբահանության գործին հավելյալ գումարներ ուղղելը պետք է լինի երեխաների հաշվին եւ ոչ, ասենք, պարգեւավճարների ու գործուղումների։

Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ այսպես թե այնպես այդ գումարները մնալու էին չծախսված, որովհետեւ ի սկզբանե նախատեսված քանակով մանկապարտեզների վերանորոգումն իրականացնել հարավոր չի լինելու, մասնավորապես ընթացակարգային մի շարք հարցերի ձգձգման պատճառով։

Հիշեցենք, որ «Աղբահանություն ու սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ստեղծվել էր որպես այլընտրանք «Սանիթեկին»։

Կիսվել