Մամուլ

Ակնկալում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի. փաստաբան

Ակնկալում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի. փաստաբան

News.am-ը գրում է․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մայիսի 8-ին նախկին նախագահին ազատ արձակելու միանգամից մի քանի միջնորդություն են ներկայացրել։ Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշումը մայիսի 13-ին կհրապարակի։

Դրա նախօրեին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նախկին նախագահի փաստաբանների խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի հետ։

Պարոն Քոչարյանի փաստաբանների կողմից միանգամից մի քանի միջնորդություն է ներկայացվել։ Պատմեք, խնդրում եմ, այդ մասին։

Մեր կողմից ներկայացվել է երեք միջնորդություն։ Առաջինը՝ անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարան է ուղարկվել մարտի 16-ին։ Նախկին նախագահի համար երաշխավորելու ցանկություն են հայտնել Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Բացի վարչապետի պաշտոնից, այդ անձինք նաեւ այլ պաշտոններ են զբաղեցրել, զգալի ներդրում են ունեցել երկրի զարգացման գործում։ Վազգեն Մանուկյանը կանգնած է հայկական բանակի ստեղծման ակունքներում, զբաղեցրել է Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը։

Խոսրով Հարությունյանը եղել է խորհրդարանի նախագահ։ Կարեն Կարապետյանը եղել է Երեւանի քաղաքապետ։ Բոլորը հանրությանը բավական հայտնի անձինք են։ Վարչապետները եկել են դատարան, նրանք հաստատել են որպես երաշխավոր հանդես գալու ցանկությունը։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում է գրավի դիմաց ազատ արձակմանը: Գրավի դիմաց ազատ արձակելու նախորդ երկու միջնորդությունները մերժվել էին: Դատավոր Աննա Դանիբեկյանի հիմնական փաստարկը օրենսդրության մեջ փողը գանձելու՝ պետության օգտին գրավի հնարավորության բացակայությունն է, եթե անձը խախտի իր պարտավորությունները, օրինակ, փորձի ազդել հետաքննության վրա:

Ըստ էության, սա միակ փաստարկն էր: Երկրորդ անգամ, երբ մենք նմանատիպ միջնորդություն ենք ներկայացրել՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա, որը այլ գործով էր, դատարանը հաստատեց, որ գրավը կարող է կիրառվել ոչ միայն փախուստի կամ նոր հանցագործություն կատարելու, այլեւ գործընթացի վրա ազդեցություն գործելու ռիսկի դեպքում: Ըստ էության, սրանք այն երեք հիմնավորումներն են, որոնց համար կիրառվում է կալանավորումը:

Այնուամենայնիվ, դատարանը կրկին մերժեց դիմումը՝ համարելով, որ չնայած Սահմանադրական դատարանը որոշում կայացրել է, չկան ընթացակարգեր, որոնցով այդ գումարները կարող են գանձվել պետության օգտին: Այսինքն, գործնականում որոշումը հնարավոր չէ կատարել: Ապրիլի 14-ին համապատասխան օրենքը փոփոխվեց, եւ մենք նոր միջնորդություն ներկայացրեցինք:

Երրորդ միջնորդությունը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի տարբեր մարմիններ, հանդես են եկել ռիսկի խմբի, այդ թվում 60-ից բարձր տարիք ունեցողների հանդեպ ձերբակալության խափանման միջոցը վերանայելու պետություններին ուղղված կոչով։

Ստեղծվեց տպավորություն, որ տուժող կողմի ներկայացուցիչները փորձում էին վարկաբեկե՞լ երաշխավորներին։

Գործընթացին տուժածների, նրանց այդպես անվանենք, մասնակցությունը, հարցեր է առաջացնում: Մենք դեռեւս չենք սկսել քննարկել այս գործընթացում նրանց մասնակցության հարցը, որպես այդպիսին: Այս գործընթացում զոհեր չեն կարող լինել, քանի որ բոլորը երկրի քաղաքացիներ են՝ նայած, թե ինչպես եք դիտարկում:

Միանշանակ, այդ թվում դատախազների կողմից, հայտարարվեց, որ այս գործընթացը չի վերաբերում մարդկանց մահվան դեպքերին: Համապատասխանաբար, նրանց իրավահաջորդներն ու հարազատներն այս գործով տուժած չեն:

Ինչ վերաբերում է մի քանի նախկին վարչապետներին վարկաբեկելու եւ վիրավորելու փորձերին: Հարցը ոչ թե իրավական, այլ բարոյական բնույթ ունի, ով ինչի է գնում ինչ-որ մեկին վարկաբեկելու համար:

Կենտրոնանալ մեկ մարդու վրա, մեջբերել ղրիմյան թերթի ինչ-որ հոդվածներ, եւ մենք այդպես էլ մինչեւ վերջ չհասկացանք, թե որն է մեղադրանքի էությունը: Անձամբ ես չհասկացա հայտարարությունների էությունը: Նրանց դուր չի գալիս Անուշավան Դանիելյանը: Դե, ոչ բոլորին կարող ես դուր գալ, ինչպես հայտնի խոսք կա, հարյուր դոլարանոց թղթադրամ չէ, որ բոլորին դուր գա:

Իրականում, հանրության մեջ հեղինակություն վայելող ցանկացած հայտնի մարդու նկատմամբ, անպայման կգտնվի մեկը, ում նա դուր չի գա: Որոշակի թվով մարդիկ կարող են նրան աստվածացնել, սակայն որոշները կատեն նրան: Առաջնորդությունը ենթադրում է որոշակի որոշումներ, որոնք կարող են ոչ բոլորին դուր գալ:

Հարցն այն չէ, թե մարդուն վարկաբեկող ինչ հանգամանքներ կարելի է գտնել։ Մենք ունեինք չորս երաշխավոր, եւ փորձում էին բերել ինչ-որ փաստարկներ նրանցից երկուսի վերաբերյալ։ Ընդ որում, իրականում փաստարկներ դրանք դժվար է անվանել, ավելի շատ դեղին մամուլի մակարդակով, բղավոցներով, վիրավորանքներով էր դա արվում։

Դատարանը մի պահ թույլ չտվեց այդ ոգով շարունակել։ Հիմա չեմ կենտրանանա այն բանի վրա, թե պետք է արդյոք դատավորն ավելի վաղ միջոցներ ձեռնարկեր, սակայն այն փաստը, որ նա թույլ չտվեց շարունակել այդ ոգով, ցույց է տալիս, որ դա հարիր չէր, որ այդ «փաստարկները» իրավական փաստարկներ եւ թույլատրելի փաստարկներ չէին։

Ոչ մի իրական փաստարկ մենք չլսեցինք։ Որպես այդպիսին, գրավոր փաստաթուղթ մենք չտեսանք, դատարանին ներկայացվեցին ինչ-որ հոդվածներ։ Փաստն այն է, որ բոլոր չորս երաշխավորները շատ հայտնի հեղիանակավոր անձինք են, ես կարծում եմ, որ նրանց երաշխավորությունը բավական բարձրակշիռ փաստարկ է, որպեսզի խափանման միջոցը փոխարինվի կամ երաշխավորությամբ, կամ գրավի դիմաց ազատ արձակմամբ։

Հայաստանում կա՞ն հենց կորոնավիրուսի համավարակի հետ կապված ձեւակերպմամբ ազատ արձակելու նախադեպեր

Այո։ Իմ գործընկեր Արամ Վարդեւանյանը օրինակ բերեց իր գործերից մեկը, որով քաղաքացին մեղադրվում է առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ։ Որքան ինձ է հայտնի, մահափորձի մեջ, սակայն կարող եմ սխալվել։ Դատավորն ինքը, առանց կողմերի միջնորդության, դատական նիստ է հրավիրել եւ կորոնավիրուսի պատճառով փոխել խափանման միջոցը։

Դրա հետ մեկտեղ, դատախազությունը հայտարարել է, ես վստահ չեմ ընթացիկ վիճակագրության առումով, ռիսկի խմբի անձանց հանդեպ ձերբակալության խափանման միջոցը վերանայելու գործընթաց սկսելու մասին։ Գործընթացը սկսված է։

Ռիսկի խմբում ինքնաբերաբար մտնում են, ԱՀԿ չափանիշներով, 60-ից բարձր տարիք ունեցող անձինք։ Հիմքեր կան այդ փաստարկը մեր պաշտպանյալի հանդեպ կիրառելու։ Հակառակ դեպքում որոշ չափանիշներով, այդ թվում՝ քաղաքական նպատակահարմարության առումով, մենք խտրականություն ենք տեսնում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել