ՄամուլՔաղաքականություն

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետին. Հայկ Խանումյան

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն անվերապահ աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախում «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

Հայտարարությունում ասվում է. «Ազգային վերածնունդ»  կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, դատական համակարգի առողջացմանն ուղղված քայլերին:

Մենք ողջունում ենք ռազմական բյուջեի աննախադեպ մեծացումը եւ սպառազինությունների նոր տեսակների ներմուծումը ՀՀ Զինված ուժեր՝ որպես անվտանգության կարեւոր բաղադրիչ եւ խաղաղություն պարտադրելու անհրաժեշտ քայլ:

Մենք փաստում ենք, որ ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք իշխանություն, որը չի խոսում տարածքային եւ այլ զիջումների մասին, ավելին իր քայլերով ուժեղացնում է Արցախի եւ համայն հայության անվտագության միջավայրը:

Մենք հույս ենք հայտնում, որ ՀՀ կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի աջակցելու Արցախում կենսունակ համակարգեր եւ ինստիտուտներ ստեղծելու գործընթացին:

Արցախյան քաղաքացիական հասարակությունը, քաղաքական համակարգը, լրատվամիջոցները, տեղական ինքնակառավարման մարմինները կարիք ունեն Երեւանի հիմնարար եւ որակապես նոր աջակցությանը, ինչը հնարավորություն կտա էականորեն ուժեղացնել արցախյան հասարակությունը՝ բարձրացնելով նրա իմունիտետը արտաքին եւ ներքին մարտահրավերների դիմաց:

Տեղեկանք: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է 2013թ., երկու տարի անց ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է խորհրդարանական ուժ: Կուսակցությունը ղեկավարում է ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

2018թ. հայաստանյան թավշյա հեղափոխության ժամանակ միակ արցախյան քաղաքական ուժն էր, որն իր անվերապահ աջակցությունը հայտնեց Հայաստանում ծավալված քաղաքացիական անհնազանդության գործընթացին մինչեւ դրա վերջնական հաղթանակը: Հիմնադրման օրվանից կուսակցությունը ընդդիմադիր է արցախյան կառավարող ուժերին եւ Բակո Սահակյանին:

Կիսվել