Մամուլ

Ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը. քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, 3-ը՝ ուշաթափվել

Ադրբեջանցիները ներխուժել են մեքենաներից մեկը. քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, 3-ը՝ ուշաթափվել

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել.

Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։

Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։

Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։

Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։

Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։

Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ վերադառնում են Գորիս։

114 օր շարունակվող շրջափակման առաջին օրից ադրբեջանական կողմը տարբեր հարթակներում հայտարարում է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և բեռների փոխադրման համար՝ ուղիղ կասկածի տակ դնելով ոչ միայն հայկական կողմի հիմնավոր պնդումները, այլ նաև միջազգային բազմաթիվ դերակատարների դիրքորոշումներն ու հայտարարությունները, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ արձանագրված իրողությունը։

Գրանցված դեպքը հավելյալ անգամ ապացուցում է ադրբեջանական ղեկավարության կեղծ և շինծու պնդումների ողջ էությունը, միջազգային հանրությանը ակնհայտ և անթաքույց ստելու և մոլորեցնելու գործելաոճը։

Ավելին, տարբեր ձևերով թույլ տալով Արցախից մարդկանց ելքը, բայց արգելելով մուտքը՝ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, ինչպես հերթական անգամ խոստովանել էր Իլհամ Ալիևը հունվարի 10-ի հայտարարությամբ:

Վաղուց ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի լկտի պահվածքի, միջազգային հանրության կոչերի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարելու միակ պատճառը ստեղծված ամենաթողությունն է, խաղաղապահ առաքելության նկատմամբ ցուցաբերվող արհամարանքն ու միջազգային շահագրգիռ բոլոր դերակատարների կողմից հասցեական ու գործնական պատժիչ գործողությունների բացակայությունը։

Այս պահին Գորիս քաղաքում և ՀՀ այլ բնակավայրերում հարյուրավոր քաղաքացիական անձինք ուղղակի զրկված են իրենց ընտանիքներին վերամիավորվելու հնարավորությունից։

Ադրբեջանական կողմը, օգտվելով ամենաթողության մթնոլորտից, այս հարցով չի համագործակցում ոչ ռուս խաղաղապահների, ոչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ոչ էլ այլ միջազգային կառույցների հետ։

Կիսվել