Մամուլ

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին

Sputnik Արմենիան գրում է․ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն այսօր էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին։

Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ-ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը 160 000 եվրո է վճարել։

Նա նաև նշեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբեկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում և այլն։ Ուստի ինքը հրահանգել է այսուհետ իրենց բոլոր ավտոմեքենաներին երթևեկել բացառապես Տաթևով անցնող շրջանցիկ ճանապարհով։

«Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասաց ընկերության տնօրենը։

Կիսվել