Մամուլ

«Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա». Դավիթ Բաբայան

«Ադրբեջանը «թքում է» միջազգային հանրության վրա». Դավիթ Բաբայան

Ադրբեջանի զինված ուժերում վարձկան ահաբեկիչների առկայության մասին հայկական կողմի փաստացի ապացույցների առկայության ֆոնին Ադրբեջանն անհաջող փորձեր է անում անհեթեթ «տվյալներ» հրապարակելու՝ իր այդ պահվածքով «թքելով» միջազգային հանրության վրա: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Ալիևի ռազմական հարցերով օգնական Ֆուադ Ալասգարովի տարածած ապատեղեկատվությանը, թե իբր Հայաստանի կողմից եվրոպական նեոնացիստների մասնակցության վերաբերյալ վկայություններ կան:

Էրդողան

Բաբայանն այն դասեց հերթական հիվանդագին հայտարարությունների շարքին: «Իրենք հիմա սկսելու են այդպիսի անհեթեթ տվյալներ «հրապարակել», երբ մենք ունենք փաստացի վկայություն. սիրիացի գրոհայինը, որին կարողացել ենք գերեվարել: Նեոնացիստն ինքը Էրդողանն է, որը պաշտոնապես հայտարարում է, թե Հիտլերն ամենաարդյունավետ գործիչն է եղել»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Նա շեշտեց, որ եթե Եվրոպան, Իսրայելը, որոշ կառույցներ ճիշտ ձևով արձագանքեին, այսօր այսպիսի վիճակ, միգուցե, չէր լինի, և Իսրայելի կառավարության որոշ անդամներ բիզնեսի մեջ չէին լինի նացիստների հետ:

«Ադրբեջանը թքում է միջազգային հանրության վրա՝ իր քայլերով: Ցավն այն է, որ դա անցնում է: Այսինքն, այդքան ցեղասպան քաղաքականություն անելուց հետո, Սաֆարովին Հունգարիայից միլիարդավոր դոլարներ ծախսելով հետ բերելուց հետո միջազգային հանրությունը, տարբեր կազմակերպություններ պապանձված էին: Ափսոս, դրա համար Ադրբեջանն այդպես է անում, մեզ համար դա նորություն չէ»,-նշեց Բաբայանը:

Իլհամ Ալիև

Ադրբեջանի մեղքերը հայկական կողմի վրա բարդելու մոլուցքով տարված՝ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել էր, թե իբր հայկական կողմն ինք է ֆոսֆորի կիրառությամբ հրդեհ առաջացրել Շուշիի անտառներում՝ ադրբեջանական ԱԹՍ-ների տեսանելիությանը խանգարելու նպատակով:

Դավիթ Բաբայանն այս ծիծաղելի հայտարարության ֆոնին հիշեց ավելի վաղ Ալիևի արած՝ սրան չզիջող հայտարարությունը, թե իբր հայերն են խփել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: «Նույն անմակարդակ «բացատրությունն» է: Սա ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվությունը»,-նշեց նա:

Կիսվել