Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Մարտունի ԲԿ են տեղափոխվել 83 և 24-ամյա կանայք
Ադրբեջանական հրետակոծության հետևանքով Մարտունի ԲԿ են տեղափոխվել 83 և 24-ամյա կանայք
Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով երկու կանայք բեկորային վիրավորումներով տեղափոխվել են Մարտունիի բժշկական կենտրոն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ քաղաքացիների վիճակը նորմալ է։ Նախնական տեղեկություններով, 83 եւ 24-ամյա կանայք վիրավորում են ստացել Սոթքում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:
Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են:
Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը: