Օդանավակայանի 3 աշխատակից ուղևորի ուղեբեռից գողացել են մոտ 2 մլն դրամի ոսկեղեն

Օդանավակայանի 3 աշխատակից ուղևորի ուղեբեռից գողացել են մոտ 2 մլն դրամի ոսկեղեն:

Նոյեմբերի 15-ին, ժամը 20-ի սահմաններում ՌԴ քաղաքացին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ին, Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ստացել ուղեբեռը և ժամանման սրահից դուրս գալուց նկատել է, որ ուղեբեռից գողացել են իր ոսկյա զարդերը՝ պատճառելով մոտ 1 միլիոն 900 հազար դրամի վնաս: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Բաժնի քրեական հետախույզները ստացված օպերատիվ տվյալները իրացնելով «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ համատեղ, ժամը 23.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել օդանավակայանի 3 աշխատակից, որոնցից մեկը` Այնթափ գյուղի, մյուս երկուսը Երևանի բնակիչներ են:

Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: