Քոլեջում 4 տարով սովորողները զինծառայությունից տարկետում կստանան մինչև 20 տարեկանը՝ անկախ առաջադիմությունից

Քոլեջում 4 տարով սովորողները զինծառայությունից տարկետում կստանան մինչև 20 տարեկանը՝ անկախ առաջադիմությունից

Armtimes.com-ը գրում է․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Ազգային ժողովի կողմից այսօր ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության արդյունքում՝ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի մինչեւ 20 տարին լրանալը:

Գործող օրենքով՝ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողներին տարկետում տրվում է մինչեւ 19 տարեկանը:

ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանելով այն հարցը, թե ինչու է որոշվել միջին մասնագիտական կրթական ծրագրով տրամադրվող տարկետման իրավունքը երկարաձգել եւս մեկ տարով, նշեց հետեւյալը.

ուսման վարձ

«Երկարաձգման նպատակն է հնարավորություն ընձեռել հիմնական կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած ուսանողներին՝ ավարտելու ուսումնական հաստատությունը եւ ստանալով համապատասխան որակավորում՝ նոր զորակոչվել զինվորական ծառայության:

Մինչ այս, հիմնական կրթության հիմքով սովորողներն ընդունվում էին քոլեջ կամ ուսումնարան, տարկետման հնարավորություն էր տրվում մինչեւ 19 տարին լրանալը: Եթե, օրինակ, ուսումնառությունն ավարտում էին 18 տարեկանում, զորակոչվում էին այդ տարիքում, իսկ եթե ոչ, ապա տարկետում էր տրվում մինչեւ 19 տարեկանը: Այդ տարիքում չավարտելով ուսումնառությունը՝ զորակոչվում էին բանակ, հետո գալիս եւ շարունակում էին ուսումնառությունը:

Հիմա, քանի որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կան մասնագիտություններ, որոնց ուսման տեւողությունը հիմնական կրթության հիմքով երեք տարուց ավելի է, օրինակ՝ մասնագիտությունների մոտ 30 տոկոսը 4 տարի են, առաջարկվել է մինչեւ 20 տարեկան լրանալը հնարավորություն տալ այդ մասնագիտություններով սովորողներն ավարտեն, ստանան իրենց որակավորումը, որից հետո զորակոչվեն բանակ»:

Կարեն Մանուկյանի խոսքով՝ տարկետման իրավունքից օգտվելու համար հաշվի չի առնվում սովորողի առաջադիմությունը. տարկետում կստանան մինչեւ 20 տարեկան այն բոլոր սովորողները, որոնք առանց ընդհատման կուսումնառեն միջին մասնագիտական կրթական ծրագրով: