Մամուլ

Քննարկվում է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթների հարցը

Քննարկվում է Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթների հարցը

Կայացել է «Կալիֆոռնիա և Հայաստան՝ առևտուր, տեխնոլոգիաներ և ճամփորդական փոխանակում» թեմայով տեղեկատվական լսումները Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովում սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախագահությամբ:

Լսումներն իրականացվել են հունիսի 12-ին և օրակարգում Լոս Անջելեսի և Հայաստանի միջև ուղիղ թռիչքների մեկնարկն ու օդային բեռների թողունակության ավելացման անհրաժեշտությունն էր:

«Մենք կարևոր քննարկում ունեցանք այն մասին, թե ինչպես է հնարավոր Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև բարելավել առևտրային և տեխնոլոգիական փոխանակումները», – ասաց սենատոր Պորտանտինոն: «Քննարկվել է նաև Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը՝ պայմանավորված այստեղ բնակվող ակտիվ հայ համայնքի առկայությամբ»:

«Տաղանդների համաշխարհային շուկա մուտք գործելը Լոս Անջելեսի նման ցանկացած տեխնոլոգիական կենտրոնի հաջողության բանալին է: Հենց այս պատճառով Լոս Անջելեսը Երևանին ուղիղ չվերթով միացնելն ունի էական նշանակություն»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Վերջին տարվա ընթացքում ամերիկահայ գործարար, Dot818 ընկերության նախագահ և  Plat.AI-ի համահիմնադիր Դավիթ Տոնոյանն աշխատել է ԱՄՆ խոշոր ավիաընկերությունների, օրենսդիր մարմիների, ինչպես նաև Լոս Անջելեսում գործող և Հայաստանում գրասենյակներ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի LAX-EVN ուղիղ չվերթը մոտ ապագայում դառնա իրականություն:

Բանակցությունների ակունքում է նաև Dot818-ի դուստր կազմակերպություն Plat.AI տեխնոլոգիական ընկերությունը, որն արդեն մի շարք կրթական և տեխնոլոգիական նախագծեր է իրականացրել Հայաստանում և պատրաստվում է ընդլայնել իր թիմը Հայաստանում:

Ս.թ. հուլիս ամսվա ընթացքում Դավիթ Տոնոյանը աշխատանքային այց կունենա Երևան՝ ուղիղ չվերթի կազմակերպման հարցի շուրջ քննարկումները հայաստանյան կողմի հետ շարունակելու և Plat.AI-ի երևանյան մասնաճյուղի հաջողությունները նշելու համար:

Նա նաև հանդես կգա նոր համայնքային զարգացման և տեխնոլոգիական նախագծերով, որոնք միտված են զարգացնելու Հայաստանում և Արցախում տեխնոլոգիական ոլորտը և կրթությունը:

Միացյալ Նահանգների ամենամեծ ամերիկահայ համայնքը Հայաստանի հետ կապելը կնպաստի թե՛ Լոս Անջելեսում և թե՛ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու բիզնես հնարվորությունների ընդլայնմանը: Կողմերը լիահույս են, որ ուղիղ չվերթը շուտով կդառնա իրականություն:

Կիսվել նյութով