Մամուլ

Քիչ առաջ Երևանում խոշոր չափի գումար շորթողին ոստիկանները «փռեցին ասֆալտին»

Քիչ առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տիգրան Մեծի պողոտայում՝ «Ագբաբանկ»-ի դիմաց, վնասազերծել են մի տղամարդու։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին վնասազերծվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) կողմից՝ ղեկավարությամբ 6-րդ գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանի, Երևանի ոստիկանապետ Գարիկ Ղուկասյանի և Էրեբունու ոստիկանապետ Վարդան Վարդանյանի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արամ Խաչատրյանն է, ով մի քաղաքացուհուց 600 հազար դրամ շորթման եղանակով ստանալու պահին հենց դեպքի վայրում բռնվել է։

Ա. Խաչատրյանը այդ քաղաքացուհուն շանտաժի է ենթարկել, որ իբրև նրա ինտիմ լուսանկարները կհրապարակի համացանցում ու դրա սպառնալիքի տակ տևական ժամանակ տարբեր չափի գումարներ է շորթել։

Այդ մասին դեպքի վայրում ասում էին մի քանի հոգի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։ Քիչ առաջ Կարմիր բերետները Ա. Խաչատրյանին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Նիկողոս Մեժլումյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով հարուցվել է քրեական գործ։ Ա. Խաչատրյանը ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Աղբյուր՝ shamshyan.com

Կիսվել