Քանի քաղաքացի է խուսափել եռամսյա զորավարժություններից․ «Հրապարակ»

Քանի քաղաքացի է խուսափել եռամսյա զորավարժություններից

Hraparak.am-ը գրում է․ Օգոստոսի 25-ից մեկնարկել է պահեստազորայինների մասնակցությամբ զորավարժությունների եռամսյա հավաքը։ Պաշտպանության նախարարությունը առաջարկում է օգտագործել պահեստազորայինների ներուժը՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում, ընդհուպ՝ մարտական հերթապահության մեջ։

Հավաքներին մասնակցելու ողջ ընթացքում քաղաքացիները կհամարվեն զինծառայողներ, կօգտվեն զինծառայողների համար սահմանված բոլոր բավարարումներից և սոցիալական արտոնություններից, կպահպանվեն նրանց քաղաքացիական աշխատատեղերը, ինչպես նաև հավաքների յուրաքանչյուր ամսվա համար կստանան վարձատրություն՝ նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափով՝ կախված զինվորական կոչումից և մի շարք այլ գործոններից։

Հավաքներից խուսափելը ՊՆ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ առաջացնելու է քրեաիրավական պատասխանատավություն։ Օրերս մեզ հետ զրույցում Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը հայտնել էր, որ զորավարժություններից խուսափած քաղաքացիների վերաբերյալ կազմված արձանագրությունները ուղարկվել են Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Վարդան Թադևոսյանից փորձեցինք հստակ թիվ ճշտել, սակայն Թադևոսյանը ասաց, որ ստույգ թիվ չեն կարող հայտնել։

«Թիվը մի փոքր հարաբերական է։ Կան մարդիկ, որ ուղարկել են տուն, չեն ներկայացել, կան մարդիկ, որ հիվանդությամբ պառկած են, ասենք՝ կորոնավիրուսով են վարակված, հստակ թիվ չեմ կարող ասել»,- ասաց Թադևոսյանը։

Խնդրեցինք գոնե մոտավոր թիվ նշել, բայց նորից ասաց, որ չի կարող դա անել։