Քանի՞ երեխա է պետք ունենալ հեշտ կյանք ու հարգված ծերություն ունենալու համար

Քանի՞ երեխա է պետք ունենալ հեշտ կյանք ու հարգված ծերություն ունենալու համար։

Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է այն մասին, թե իրականում ինչ է նշանակում իսկական հայկական ընտանիքը, քանի երեխա պետք է լինի այնտեղ, և նման ընտանիքներում ինչն է ամենակարևորը։

Մոտավորապես հարյուր հայ կանայք (ցավոք, ստույգ վիճակագրություն չկա) կարող էին այսօր առարկել հեռուստաաստղ Ալյոնա Վոդոնաևային՝ բացատրելով, որ ընտանիքում հինգ և ավելի երեխաների առկայությունն արժանի է ոչ թե արհամարհանքի, այլ հպարտության։

Անցնեմ անձերի։ Քսան տարեկանում ամուսնացած Անթառամ Ղազարյանը 40 տարեկանում արդեն 17 երեխա, իսկ հիմա արդեն` 19 թոռ ունի։

Զգացմունքային առումով արժանի է հիացմունքի, ժողովրդագրական առումով՝ խրախուսանքի, դե, իսկ գործնական տեսանկյունից էլ Ղազարյանները չեն տուժել։ Չէ՞ որ հասուն տղաները և աղջիկները ոչ միայն մեծ ուրախություն են ծնողների համար, այլ նաև մեծ օգնություն, որովհետև, եթե անկեղծ` մեր տարեցների ճնշող մեծամասնությունն ուղղակի չեն ապրի առանց երեխաների ու թոռների ակտիվ աջակցության։

Հետ նայենք, հիշենք, խոստովանենք. երբ ծնողներն արդեն մեծ են, նրանք, միևնույն է` չեն նայում երեխաների գրպանին, բայց երեխաներն առանց դրա էլ հասկանում են, որ եկել է ծնողներին խնամելու ժամանակը։ Այնպես չէ, որ պարտք են վերադարձնում, ուղղակի երկարացնում են արժանապատիվ կյանքը. դա ավելի շատ խղճի հարց է։

Հիմա նայեք։ Ալյոնա Վոդոնաևան ունի մեկ որդի` Բոգդանը, և բավականաչափ գումար, որպեսզի ասի. «Ես քամահրանքով եմ վերաբերվում այն ընտանիքներին, որոնք ապրում են աղքատության մեջ և 3-4 երեխա են ունենում։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ մեծացնել նրանց։ Բազմազավակ ընտանիքների համար արտոնություններից տնտեսած փողերո՞վ»։ Այդպես է կարծում Ալյոնան։

Բոգդանին մաղթում ենք առողջություն և երկարակեցություն, Վոդոնաևային` նյութական բարեկեցություն և խելք։ Բայց Անթառամ Ղազարյանն ունի 17 երեխա և 19 թոռ։ Նա ավելի մեծ է Ալյոնայից, ուստի ավելի վաղ և անհամեմատ կերպով ավելի մեծ ծավալով է երախտագիտություն զգում անքուն գիշերների, ծանր աշխատանքով ծանրաբեռնված օրերի և երեխաներին տված տարիների համար։

Բարին միշտ վերադառնում է, նույնիսկ եթե այն մեր հավատալիքի համաձայն «ջուրը չեն գցում», այլ տալիս են հարազատ երեխաներին. կայացած հայկական ընտանիքներում այլ կերպ չի լինում։ Ո՞ւմ են տալիս ամենալավը, ամենահամեղը, ամենաթանկը` հաճախ կտրելով իրենցից։ Հիշեք, երբ ինքներդ էիք երեխա և երբ արդեն երեխա ունեք։

Մյուս կողմից` շատ երեխա ունենալը նշանակում է ունենալ շատ քույրեր ու եղբայրներ (հարազատներ, զարմիկներ ու զարմուհիներ), միմյանց պաշտպանելու շատ հնարավորություններ, որովհետև միայն այդպես է ընտանիքը վերածվում մեծ «կլանի»` բառի ճիշտ իմաստով, որն աղավաղվել է մաֆիայի մասին ֆիլմերում։ Իսկ իրականում դա օգնություն է կյանքի խրթին և ծայրահեղ իրավիճակներում։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա մեզ համար կամ Ալյոնա Վոդոնաևայի։

Ասում են` Հայաստանում կան գրեթե յոթուկես հազար բազմազավակ ընտանիքներ։ Դժվար է ասել, թե որքանն է մնացել։ Բայց որքան էլ մնացած լինի, նրանց կյանքն ավելի հեշտ կլինի, քան մյուսներինը։

Անժելա Մելքոնյանի (10 դուստր, 5 որդի) անկեղծ խոստովանությունից` արված «Միր» հեռուստաալիքին. «Աղջիկներս օգնում են տան գործերում, իսկ ընտանիքի հայրը բիզնես նախագիծ է մշակում` ընտանիքին կերակրելու համար։ Չնայած ֆինանսական դժվարություններին` ընտանիքում տիրում է սեր և համերաշխություն»։

Այն հարցին, թե էլի երեխա ունենալո՞ւ են, Մելքոնյանները պատասխանում են. «Որքան Աստված տա, այդքան էլ կունենանք»։

Մտածելու առիթ Վոդոնաևայի և մյուսների համար։

Երևանում մինչև հիմա հիշում են Լարիսա Հովսեփյանին։ Կինը դաստիարակել է 16 որդեգրած երեխաների, թեև միլիոնատեր չի եղել։ Նա չի կարողացել երեխա ունենալ, բայց երդվել է մայր դառնալ։ Երդումը պահել է։ Երեխաները եղել են տարբեր ազգությունների, նրանց թվում նաև սևամորթ կար, որին հիմար քաղաքական կոռկետության պատճառով անընդունելի է նեգր անվանելը։ (Իսկ շատ երեխաներ ունեցող կանանց կարելի՞ է անվանել «անկիրթ խաժամուժ»)։

Խորհրդային շրջանում ես «Իզվեստիայի» համար ակնարկ էի գրել բազմազավակ երևանյան ընտանիքի մասին։ Թերթը բազմաթիվ նամակներ էր ստացել, մարդիկ երկրի տարբեր անկյուններից ոչ միայն հիացել են, այլ նաև մտել նրանց դրության մեջ, ինչը նշանակել է գործնական օգնություն։ Ամենից առաջ` նյութական։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։