Քանաքեռում 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն է»

Քանաքեռում 4 սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույն է»

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 11-ին, կրակոցներ և սպանություններ են տեղի ունեցել Երևանում:

Ժամը 02:50-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ են հնչել, կան տուժածներ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Երեւանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երեւանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, եւ նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Ոստիկաններն ու քննիչները Քանաքեռի 16 փողոցի սեփական տներից մեկի բակում հայտնաբերել են տղամարդու 2 դի: Պարզվել է նաև, որ նշված վայրից ևս 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ տեղեկութունների, նրանք ճանապարհին մահացել են: Դեպքի վայրում հայտնաբերվել են մի քանի տեսակի զենքեր, կրակված պարկուճներ, գնդակներ, դանակ, արնանման հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տանը, բակում հայտնաբերված սպանվածներից մեկը քրեական աշխարհում հայտնի մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր, իսկ տունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ պատկանում է նախկին պատգամավոր Արտուշին:

Փատի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի մի քանի հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության վարչությունում։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, մահացածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի, գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի եւ վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ «աջ սրունքի դրսային մակերեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է ընդունվել Քանաքեռի բնակիչ, 19-ամյա Գևորգ Ջաբոյանը:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 61-ամյա Արթուր Սիմոնյանը՝ «հեմոռագիկ շոկ, հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Նույն հիվանդոնոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 27-ամյա Հովհաննես Սիմոնյանը՝ «աջ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Նույն հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռ 16 փողոցի 16 տան բնակիչ, 37-ամյա Վլադիմիր Սիմոնյանը՝ «կրծքավանդակի որովայնի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

«Հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Բորյանը:

Նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ նախաբազկի միջանցիկ հրազենային վիրավորում վնասվածք» ախտրոոշմամբ Արթուր Պետրոսյանը:

Պարզվել է՝ տեղում մահացել են Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 43-ամյա Արթուր Ղազարյանը, ով քրեական աշխարհում հայտնի, մեծ հեղինակություն ունեցող «Քանաքեռցի Տույն» էր և Քանաքեռի բնակիչ, 37-այմա Արայիկ Խաչատրյանը: