Փաշինյանը 2 տարբերակ է առաջարկել Արցախի նախագահին. Նաիրա Զոհրաբյան

Փաշինյանը 2 տարբերակ է առաջարկել Արցախի նախագահին. Նաիրա Զոհրաբյան

168.am-ը գրում է․ Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որին չի մասնակցել Արայիկ Հարությունյանը, փոխարենը՝ մասնակցել է ԱԽ անդամ չհանդիսացող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանը, իսկ քննարկման թեման եղել է Հայաստանի շուրջ ծառացած մարտահրավերը, որն ուղիղ կապված է Արցախի հետ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարած Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո Արցախ-Հայաստան միասնությունն ընդգծելու համար հայտարարեց Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստեր անելու մասին։ Ավելին՝ մինչ պատերազմը նման համատեղ նիստեր գումարեց։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հայաստան ժամանած Արցախի նախագահին հարց ուղղեց.

«Արայիկ Հարությունյան, ի՞նչ եք քննարկելու Փաշինյանի հետ, չգիտեմ՝ գալիս եք՝ ինչի՞ շուրջ բանակցեք, չէ՞ որ Փաշինյանը քեզ երկու տարբերակ է առաջարկում՝ կամ ցեղասպանություն, կամ Արցախի հանձնում՝ Ադրբեջանին, և դու որն էլ ընտրես՝ մեկ է, դավաճան ես։

Ինչ վերաբերում է Արցախի քաղաքական էլիտային, ապա պետք է նշեմ, որ նրանք շատ լավ գիտեն, որ Հայաստանի այս իշխանությունն իրենց ծախել է և հանձնել, և, ինչպես դիջեյ Էդոն է ասում («ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր».- Ա.Ս.)՝ Հայաստանը չունի այլևս հնարավորություն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, այսինքն՝ ասում է՝ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության առաջ»,- ասաց Զոհրաբյանը՝ հույս հայտնելով, սակայն, որ օրերս Արցախում կայացած ինքնաբուխ հանրահավաքը կդառնա ազգային զարթոնքի մեկնարկ, և, ինչպես 1988-ին ամեն ինչ սկսվեց Արցախից, այնպես էլ հիմա հայկական երկու պետությունների փրկությունը կսկսվի Արցախից։

«Հույսս այն է, որ Հայաստանի փրկության նոր զարթոնքը սկսվելու է Արցախից, որովհետև, եթե Փաշինյանը հանձնեց Արցախը, հաջորդիվ հանձնելու է նաև Հայաստանը»,- ընդգծեց Զոհրաբյանը՝ շեշտելով՝ իսկ այն, որ Փաշինյանը գնում է ամբողջ Արցախը հանձնելու ճանապարհով՝ բացահայտ ասում է ոչ միայն ինքը՝ Փաշինյանը՝ նաև Պրահայում համաձայնելով նման հայտարարության ընդունմանը, այլ նաև՝ իր թիմակից պատգամավորները։

«Հայաստանը որպես տաք դեսերտ՝ դրված է Մակրոն-Միշել-Ալիև-Փաշինյան խմբի սեղանին, ուստի հիմա գնում է Հայաստանի ամպուտացիայի գործընթաց՝ միջազգային ծափահարությունների ներքո»,- ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրությունն անգամ Ադրբեջանին մի նստաշրջանով ԵԽ նիստերից զրկելու պատժամիջոցը չկիրառեց Ադրբեջանի նկատմամբ, որովհետև ադրբեջանական նավթը կարևորեց հայ մարդու կյանքից։

Ինչ վերաբերում է Հայաստանի դրոշներով եվրապառլամենտի պատգամավորների կողմից մեկանգամյա ակցիայով ոգևորված հայաստանյան որոշ քաղաքական շրջանակների հուսադրող դիրքորոշումներին, ապա Նաիրա Զոհրաբյանը նրանց հիշեցրեց՝ անիմաստ է եվրոպական քաղաքական շրջանակներից պահանջել մի բան՝ հայկական օրակարգ, որը չունի Հայաստանը ներկայացնող իշխանությունը։

«Այս իշխանությունը հայկական օրակարգ չունի, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմը, ի դեմս Փաշինյանի, մեր երկրում ունի իր թիվ մեկ գործակալին»,- ասաց Ն․ Զոհրաբյանը՝ հիշեցնելով՝ այդ գործակալը ժառանգություն ստացած 42.000 քառակուսի կմ տարածքով հայկական երկու պետություններից 10.000 քառակուսի կիլոմետրը հանձնել է թշնամուն, բայց հանդգնում է խոսել նախկիններից ստացած ժառանգության մասին։

«Հատուկ Փաշինյանի սեկտայի հետևորդների համար մեկ անգամ էլ ասեմ, թե ինչ է ստացել նա Սերժ Սարգսյանից՝ որպես ժառանգություն. ստացել է մի փաստաթուղթ, որով Արցախ 5 շրջանը հանձնվում էին Ադրբեջանին, որից հետո Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ երաշխավորված գերտերությունների կողմից։ Արցախը դառնում էր ԵԱՀԿ-ում դիտորդ, մասնակցում միջազգային կառույցների աշխատանքներին այնքան ժամանակ՝ մինչև կանցկացվեր վերջնական իրավական ուժ ունեցող հանրաքվե։

Նիկոլն ասում է, թե հանրաքվե չէր լինելու, այդ դեպքում ևս մենք շահեկան վիճակում էինք՝ 100 տարի էլ թող հանրաքվե չլիներ, մեկ է՝ Շուշին, Քարվաճառը, Լաչինը մնում էին հայկական»,- Փաշինյանի ստացած փաստաթղթավորված ժառանգության մասին մանրամասներ ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը՝ շեշտելով՝ ունենալով նման բանակցային ժառանգություն՝ Փաշինյանը երկիրը բերել-հասցրել է այն վիճակին, որ Ալիևը հիմա ստանում է ավելին, քան կարող էր անգամ պատկերացնել։

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում