Ցանկացած պահի կարող են իջնել-նստել Սևանի ափին․ Սերոբ Գասպարյան․ «Հրապարակ»

Ցանկացած պահի կարող են իջնել-նստել Սևանի ափին․ Սերոբ Գասպարյան

«Հրապարակի» զրուցակիցն է «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, արցախյան ազատամարտերի մասնակից Սերոբ Գասպարյանը։

Սեպտեմբերի 13-ից հետո ԳՇ պետը հայտարարեց, որ Ջերմուկի մոտ շրջափակման մեջ հայտնված ադրբեջանցի հատուկջոկատայինները պիտի սովածանան, ծարավեն ու ստիպված հեռանան։ Այնինչ այդ խումբը սեպտեմբերի 28-ին էլ կրակեց ու հարձակվեց։ Քանի որ Ձեր ջոկատը՝ «Սեւ հովազը», մարտերի է մասնակցել, կարո՞ղ եք ասել, թե որքան են Ջերմուկի տարածքում դիրքային մեր կորուստները։

— Գլխավոր շտաբի պետին լրատվամիջոցները հարցրե՞լ են, թե ինչի համար ստեց, ո՞րն էր պատճառը, որ ինքն այդպես դիտորդների հետ այցելեց Ջերմուկ, եւ, ինչքան հիշում եմ՝ հենց այդ ժամանակ էր, որ ինքը ստեց։

Խնդիրը ո՞րն էր, այսինքն՝ սուտ խոսելով ադրբեջանցիների ռազմական գործողություննե՞րն էր արդարացնում, որ ընդամենը տասնըքանի հոգի մարդ է եկել, ու չէր ասում, որ ամբողջ գծով, բացի մի կետից, որ մեր ջոկատն էր, որտեղ մի սանտիմետր թշնամին առաջ չի եկել, մնացած տեղերում մինչեւ ութ կիլոմետր ներխուժել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք։ Ես խոսում եմ Ջերմուկի մասին։ Ջերմուկի ուղղությամբ բոլոր ռազմավարական բարձունքները գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ, նախկին մեր դիրքերի 90 տոկոսը, որոնք մեր զինվորներն էին պահում, հիմա ադրբեջանցիներն են այդ դիրքերում նստած։

Մոտավորապես 15 դիրք ենք կորցրել։ Դիրքերն էլ մեկը մյուսից մեկ, երկու, երեք, չորս, երբեմն ավելի կիլոմետր տարածքով են իրարից հեռու, այսինքն՝ այդ ամբողջ գիծը։

— Ջերմուկի անվտանգային իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք։

— Ջերմուկ քաղաքը հիմա վտանգի տակ է՝ ցանկացած պահի կարող են մինամյոտներով Ջերմուկ քաղաքը հավասարեցնել հողին։ Ընդամենը չորս կիլոմետր, Ջերմուկի «Գոմեր» կոչվող հատվածի վերեւը նստած են թուրքերը ու շատ քրտնաջան շինաշխատանքներ են կատարում, ճանապարհներ են սարքում, ու տեսնեք՝ ինչ ձեւի․  նրանք ցանկացած պատերազմի ժամանակ, երբ որ տարածք են գրավում, առաջինը ճանապարհներ են կառուցում ու շատ արագ՝ շատ արագ։

— Պատճառը ո՞րն է։

— Նպատակը՝ որ արագ զինտեխնիկա, զորք շարժեն այդ ճանապարհով։ Մեր տարածքներում մարդիկ ոտքով են սնունդ հանում, բայց թշնամին այնպիսի արագությամբ է ճանապարհներ սարքում, այնպիսի որակի, որ կարող եք նույնիսկ այդ սարերի մեջ անգամ մարդատար մեքենաներով արագընթաց սլանալ։ Այդ կարգի ադրբեջանցիները շինաշխատանքներ են կատարում, իրենց զինվորի մասին մտածելով՝ խրամատներ են փորում՝ երկաթբետոնե ահռելի ծավալով։ Մրջյունների նման աշխատում են։

Անգամ վերջերս, երբ մեր մի տրակտորին ու կամազին խփեցին, այդ ժամանակ դա մեր վերահսկողության տակ էր։ Այդ ժամանակ խփեցին ու բերեցին իրենց դոմիկները հենց այդ բլուրում դրեցին ու նստեցին։ Ու հակահարված չեղավ, որովհետեւ նորից, կրկին արգելված էր կրակ բացել։

— Այսինքն, հրաման կա՝ չկրակե՞լ թշնամու ուղղությամբ։

— Այո, այո, մտավախություններ ունեմ, որովհետեւ Կրասնոսելսկի ներքեւում՝ ամբողջ երկայնքով իբր մեր կողմից երկրորդ գիծ են կառուցում՝ մոտավորապես ութ կիլոմետր առաջնագծից հեռու։ Ունեմ մտավախություն, որ դա կառուցում են, որպեսզի 8 կիլոմետր էլ հետ քաշվեն մեր զորքերը նորից։ Ըստ օդում կախված լուրերի, մի քանի օրից հրաման է լինելու՝ պայմանագրայիններին կրճատելու, բանակը կրճատելու։ Այսինքն՝ այս խաղերը, որ խաղում են՝ եվրոպական դիտորդներ, չգիտեմինչ դիտորդներ բերելու, ու որ Հայաստանը զինվելու կարիք չունի, բանակ ունենալու կարիք չկա, այսպիսի խաղերով մարդիկ իրենց նպատակներին են գնում։ Իսկ մեր չքնաղ Ջերմուկը եւ հարակից բոլոր տարածքները վտանգի տակ են, երբեւիցե մեր հայ ազգը թող չհավատա, որ եթե թուրքն առաջ է եկել, ապա մի օր կարող է հետ քաշվել։

— Ի՞նչ ռեսուրսներ են մեզնից պահանջվելու՝ բռնազավթված տարածքներն ազատագրելու համար։

— Մեզնից պահանջվում է անհապաղ անհայրենիքներից ազատվել, իշխանության գլուխ գան հայեր եւ հայրենասեր մարդիկ, շատ արագ բանակի բարոյահոգեբանական իրավիճակը բարձրացնել։ Երբ որ սրանք կմաքրվեն, եթե կգան իսկական հայերը, իսկական մաքուր մարդիկ, ընդամենը չորս ամսվա մեջ կարող ենք բանակը հզորացնել ու հետ բերենք ամեն ինչ։ Այսօրվա դրությամբ մեր չքնաղ Ջերմուկը՝ իր հարակից տարածքներով, վտանգի տակ է։

— Հնարավո՞ր է, որ մոտակա ժամանակներում նորից հարվածեն մեր սահմաններին։

— Հիշո՞ւմ եք, Ձեզ մոտ զրուցելուց ես նշեցի՝ ամեն վայրկյան հնարավոր է նորից ագրեսիա, նորից պատերազմ։ Չե՞ք տեսնում, որ նրանք մի քանի ամիսը մեկ խփում են՝ տարածքներ են վերցնում, հաստատվում են այդ տարածքներում, խփում են՝ հաստատվում են, եւ մեր հիմարներն ասում են՝ դե մեզ պե՞տք են էդ տարածքները, մեզ պե՞տք է սարի գլխին ձյունը, էդ լիճը։ Անգամ իրենք այսօր դիտարկում են Սեւանա լիճը՝ ցանկացած պահի կարող են խփել, իջնել-նստել Սեւանի ափին ու ասել՝ սա էլ է մերը, վերջ։

— Այդքան տարածքային, տեխնիկական ու մարդկային կորուստներից հետո թշնամուն հետ շպրտել հնարավո՞ր է։

— Ամեն բան հնարավոր է, երբ որ հավատում ես քո ուժերին, երբ որ հավատում ես քո հրամանատարին, երբ որ հավատում ես, որ թիկունք ունես ու կողքիդ կանգնած հզոր հրամանատար՝ ամեն ինչ հնարավոր է։

— Նշեցիք, որ մոտակա ժամանակներս պայմանագրայինների թվի կրճատում է սպասվում, դա, այսպես կոչված, ատեստացիայի միջոցո՞վ են անելու, Պնախարարությո՞ւնն է նախաձեռնել։

— Այո, գիտեք ինչ, պատերազմ անցած տղաները, թե՛ 44-օրյա, թե՛ անցած տարվա նոյեմբերին, թե՛ հիմա, այս պատերազմ անցած տղաներին, հզոր տղերք են, ուժեղ տղերք են, բայց նրանց մշակած ատեստացիայով հնարավոր է չանցնեն եւ զորացրվեն։ Իրենք այնպիսի շկալաներ են դնելու, որ գրեթե անհնար կլինի անցնել ատեստացիան։

— Այսինքն՝ պատերազմական գործողությունների փորձ ունեցող մարդիկ չեն կարողանալու ատեստացիան անցնել, որովհետեւ ռազմական գործի, մարտավարական գործողություններ իրականացնելու հետ կապ չի՞ ունենալու։

— Այո, այո, տեսեք, ես ունեմ հզոր տղերք, որոնք որ հնարավոր է այդ շկալաներով չկարողանան անցնել․ կարող է այնպիսի հարցեր լինեն, որ մարդիկ չկարողանան անցնել, բայց արդյունքում դաշտային պատերազմի ժամանակ հավասարը չունեն՝ ոչ մի գեներալ չի կարող իրենց հետ ոտք գցել։ Բայց այդ մարդիկ կարող է վաղը գան, նստեն տունը՝ սա միտումնավոր է արված, սրանց բոլոր ռեֆորմները, փոփոխությունները չարեփոխումներ են, քանդել են բոլոր ոլորտները՝ բանակից սկսեցին, կրթությունով վերջացնում են։ Եթե քո մշակույթը, կրթությունը, բանակը վերացնում ես, դու արդեն ազգ չես։

— Վերադառնալով թշնամու շարժերին՝ որքա՞ն ժամանակ հետո եք հավանական համարում նոր հարվածը։

Գիտեք, իրենք, բոլոր տեսակի զինտեխնիկաներով հագեցված, հենց հիմա կանգնած են մեր դիրքերից 100, 150 մետր այն կողմ։ Տեղ կա՝ 500 մետր է հեռավորությունը, տեղ կա՝ 100 մետր է․ իրենք այն աստիճան են լցրել զորքն էլ, զենքն էլ, որ ցանկացած պահի կարող են սկսել նորից պատերազմական գործողություններ։

Ինչպես արդեն ասացի՝ ամիսը մեկ, երկու կամ երեք ամիսը մեկ իրենք 45 կմ կգան առաջ, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է այդ մասին խոսում, ի՞նչ են խոսում, ի՞նչ են անում։ Մարդիկ իրենց սպանողին ցավակցում են, իրենց սպանողին շնորհավորում են, իրենց սպանողների հետ նստում են՝ բերանները մինչ ականջները բացած՝ հռհռում են։

Ովքե՞ր են սրանք։

Ոչ միայն Ջերմուկն է վտանգի տակ` Վարդենիսն է վտանգի տակ, Սյունիքն է վտանգի տակ։ Հայաստանի Հանրապետությունը վտանգված է։