«Տնօրեը ինձ զգուշացնում էր, որ դադարեցնեմ քաղաքական ակտիվությունը, հակառակ դեպքում կհեռացվեմ»․189 դպրոցի նախկին ուսուցիչը՝ տնօրենի մասին

Լրագրող, 189 դպրոցի նախկին ուսուցիչ՝  Կարպիս Փաշոյանի գրառումը․

«Դպրոցից հեռացման իմ պատմության մասին ընդհանրապես չեմ սիրում խոսել: Դե էդ զոհի, հալածյալի կերպարն իմ համար չէ: Անցել գնացել ա: Բայց այսօր բացառիկ և նույնիսկ զավեշտալի դեպք է տեղի ունեցել և դրանից ելնելով ստիպված եմ նորից հիշել:

Եվ այսպես, երբ դեռ դպրոցում էի աշխատում, տնօրեն Ռիմա Դավթյանի հետ իր աշխատասենյակում հաճախ էինք քաղաքական հարցեր քննարկում: Ինքն ինձ զգուշացնում էր, որ դադարեցնեմ քաղաքական ակտիվությունը, հակառակ դեպքում կհեռացվեմ:

Իսկ ես էլ նրան հիշեցնում էի, որ իշխանությունը վաղ թե ուշ տապալվելու է, մի արեք, ընտրակեղծարարությամբ մի զբաղվեք, մի օր դատվելու եք: Դե տիկին Դավթյանն էլ քմծիծաղ էր տալիս, իբրև թե՝ էս ինչ ա ասում էս փսլնքոտ ուսուցիչը:

Անցել է երեք տարի: Իշխանությունը փոխվել է, իսկ նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության ահազանգով այսօր գնացել է 189 դպրոց, որի տնօրենն է հենց այդ նույն Ռիմա Դավթյանը:

Տիկին Դավթյան, տեսնո՞ւմ եք, որ փսլնքոտ ուսուցիչներն էլ են մեկ-մեկ ճիշտ բաներ ասում, ասում էի չէ՞, մի՛ արեք: Ըհը, կյանքը դաժան բան ա»: