Տղամարդը, ում պնդմամբ Արսեն Ջուլֆալակյանը հոր հետ ծեծել է իրեն, հետազոտվել ու տուն է գնացել

63-ամյա տղամարդը, որի խոսքով, ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը եւ նրա հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ծեծել են իրեն, հիվանդանոցում չէ:

«Հակական ժամանակ»-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ նա հետազոտվել ու տուն է գնացել:

«Նա այս պահին տանն է, իմ տեղեկությունով՝ տանն է, եկել է, հետազոտվել է, գնացել է տուն»,- ասաց նա:

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ տղամարդը հիվանդանոց էր դիմել «ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդով»: Հարցին, թե ինչի հետեւանքով նա կարող էր նման վնասվածքներ ստացած լինել, Մանուկյանը չպատասխանեց: Նա նշեց, որ դա պարզելը ոչ թե հիվանդանոցի, այլ դատաբժշկի գործառույթն է:

Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը պարզաբանել էր դեպքը: Նա նշել էր, որ երեկ՝ մայիսի 5-ին, ինք ու հայրը Սերգեյ Մխիթարյանի հետ գործնական լուրջ խոսակցություն են ունեցել, սակայն իրենք նրա նկատմամբ ոչ մի բռնություն չեն գործադրել, եւ նրա հայտարարությունը սուտ է:

Ջուլֆալակյանը նշել էր, որ ինքն ու հայրը գնացել են ոստիկանություն եւ նույն բանն այնտեղ են ասել: Ինչպես Ջուլֆալակյանը տեղեկացրեց, Մխիթարյանն ու ինքը սրճարանային բիզնեսում համասեփականատեր են: