«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը. «Փաստինֆո»

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը

«Փաստինֆո»-ի հետ զրույցում 17-ամյա աղջիկը հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։

«Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ շատ վատ էի զգում, միանգամից թուլություն և դող զգացի ամբողջ մարմնումս, քթից սկսեց արյուն գալ, գլուխս պտտվում էր, մի խոսքով՝ հազիվ էի ոտքի վրա կանգնում։ Հասա տուն ու զգացի, որ կամաց-կամաց տեսողությունս թուլանում է, իսկ մի որոշ ժամանակ անց՝ արդեն համարյա ոչինչ չէի տեսնում»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին այսօր պատմում է օրեր առաջ «Արմենիա» պոլիկլինիկայում գարդասիլային պատվաստման ենթարկված անչափահաս աղջիկը, ում անունը չենք հրապարակում ՝ անձնական տվյալների պաշտպանության նկատառումով։

Լրատվամիջոցի հետ զրույցում աղջիկը հաստատում է՝ մինչ պատվաստման ենթարկվելն իրեն բացարձակ լավ է զգացել, ոչ մի տեսակի առողջական խնդիր կամ բողոք չի ունեցել. «Ինձ զանգեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի պոլիկլինիկա։ Միայն ինքնազգացողությունս ամբողջովին վատանալուց հետո, երբ ստիպված ընտանիքիս անդամների հետ միասին նորից գնացինք պոլիկլինիկա, միայն այդ ժամանակ եմ իմացել, որ գարդասիլային պատվաստում եմ ստացել, մինչ այդ պոլիկլինիկայում ինձ չեն ասել, թե ինչ պատվաստում է դա։

Պատվաստումից առաջ պոլիկլինիկայում նրանք պետք է ճշտեին իմ քաշը, ալերգի՞կ եմ, թե ոչ, պետք է ինձ զգուշացնեին, որ պատվաստումից հետո ես մի քանի ժամ պետք է հանգիստ վիճակում լինեմ, գիրք չկարդամ, հեռախոսին ու համակարգչին չնայեմ, իսկ ես այդ ամենի մասին չգիտեի, որովհետև ինձ չէին տեղեկացրել և ես անմիջապես պատվաստումից հետո շտապեցի անգլերենի պարապմունքի։ Ձևի համար պոլիկլինիկայի մուտքի մոտ տաքությունս չափեցին, նույնիսկ չիմացա էլ տաքություն ունե՞մ, թե՞ ոչ ու ասեցին, որ անցնեմ պատվաստումը ստանալու։

Իսկ երբ արդեն ինքնազգացողությունս բոլորովին վատթարացած վերադարձա այնտեղ՝ պատկերացնո՞ւմ եք՝ գրեթե ոչինչ չէի տեսնում, դողէրոցք մեջ՝ ինձ ո՛չ ավել, ո՛չ պակաս դիագնոզ են տալիս, թե իբր գլխուղեղի չորրորդ փորոքի ուռուցք ունեմ, դա է պատճառը, իբր որ չեմ տեսնում, ասացին՝ վերցրու այս ուղեգիրն ու գնա ստուգում անցի Սբ. Աստվածածին բժշկական կենտրոնում»։

Գարդասիլային պատվաստումից հետո առողջական խնդիրներ ունեցող աղջիկը հուզմունքով պատմում է՝ «Արմենիա» պոլիկլինիկայում գլխուղեղի իբր ուռուցք ունենալու մասին լուրը կես մարդ է դարձրել իրեն, բայց ավելի շատ մոր համար է անհանգիստ.

«Մինչ Սբ. Աստվածածին բժշկական կենտրոն հասնելը՝ երբ վիճակս ավելի էր վատթարանում, մայրս կես մարդ էր դառնում, երևի մտածում էր՝ վերջ…Այնտեղ բժշկական հետազոտություններ անցա, պարզվեց որևէ խնդիր՝ գլխի հետ կապված չունեմ, նյարդաբանական խնդիրներ ևս չհայտնաբերվեցին, որով կարող էր պայմանավորված լինել տեսողությանս վատթարացումը։ Բժիշկներն ասում էին, որ այդ առումով ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։

Պարզելու համար տեսողությանս հետ կապված խնդիրները, ինձ ուղեգիր տվեցին Մալայան ակնաբուժական հիվանդանոց, որտեղ պարզվեց, որ ես օպտիկական ակնոցի կարիք ունեմ։ Մինչ այս երբեք օպտիկական ակնոց չեմ կրել, իմ ֆիզիկական վիճակից, առողջությունից ու ինքնազգացողությունից երբեք չեմ բողոքել»։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ ինքը պարուհի է՝ Հայաստանի երկակի և Եվրոպայի չեմպիոն, մշտապես ակտիվ մարզավիճակում է եղել։ «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան բարդ պարային շարժումներ եմ ես ստիպված անել անընդմեջ, իսկ «Արմենիա» պոլիկլինիկայում պատվաստումից հետո, երբ ինձ արդեն չափազանց վատ էի զգում և երկրորդ անգամ գնացել էինք պարզելու՝ ի՞նչն է պատճառը՝ փորձում էին համոզել, որ միգուցե նախկինում էլ վատ տեսողություն և առողջական խնդիրներ եմ ունեցել։

Պետք է նորից ասեմ, որ պատվաստումից առաջ ինձ չեն էլ տեղեկացրել, որ ես գարդասիլային պատվաստում եմ ստանում ու սա երրորդ նման պատվաստումն է, որին ես ենթարկվում եմ։ Երկրորդ անգամ՝ ապրիլ ամսին նույն պատվաստումից հետո ես նորից խնդիրներ ունեցա՝ ամբողջ դեմքս դուրս տվեց, բայց փորձեցի բանի տեղ չդնել, մտածեցի կանցնի ու իսկապես, մի քանի օր անց անցավ, չնայած այդպես էլ չիմացա, թե ի՞նչ հետևանք թողեց դա իմ առողջական վիճակի վրա»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում